Ցանցահենները կոտրել են մշակողների համար նախատեսված Apple–ի կայքը

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը հաստատել է Apple Developer (developer.apple.com) հավելվածների մշակողների համար նախատեսված վեբ կայքը կոտրելու փաստը։
«Անցյալ հինգշաբթի անհայտ անձը փորձել է անձնական տեղեկատվություն ստանալ մեր կայքում գրանցված մշակողների վերաբերյալ։ Կարևոր անձնական տեղեկատվությունը ծածկագրվել է, և դրա հասանելիությունը փակվել է, սակայն մենք չենք բացառում այն հավանականությունը, որ ցանցահենը կարողացել է որոշ մշակողների անունների և էլեկտրոնային փոստի հասցեների հասանելիություն ստանալ»,– մեջբերվում է Apple–ի հայտարարության մեջ, հաղորդում է cnews.ru–ն։
Apple–ից լրացուցիչ տեղեկացրել են, որ սպառնալիքի տակ են հայտնվել միայն մշակողների ակաունտները (iTunes–ի ակաունտները չեն կոտրվել), օգտատերերի վճարովի տեղեկատվության նույնպես ձեռք չի տրվել։
Apple Developer վեբ կայքը նախատեսված է նրանց համար, ովքեր iOS և OS X օպերացիոն համակարգերի համար հավելվածներ են մշակում։ Այն պարունակում է հավելվածների ստեղծման համար գործիքներ, վավերագրում, ինչպես նաև iOS 7 և OS X Mavericks օպերացիոն համակարգերի նախնական տարբերակը, որի աշխատանքները Apple–ը դեռ չի ավարտել։ Բացի այդ, կայքը թույլ է տալիս կողմնակի հավելավածների ներքին թեստավորում անցկացնել, ՕՀ նոր տարբերակների թեստավորման սարքեր գրանցել և ղեկավարել հավաստագրերը, որոնք հաստատում են հավելվածների հեղինակությունը։ Հատկանշական է, որ Apple–ը խնդիրը ճանաչել է միայն երրորդ օրը։ Մինչ այդ կայքում հաղորդագրություն է տեղադրվել, որ այն սպասարկման ենթակա է։ Կայքում ակաունտներ ունեցող օգտատերերը որոշ ժամանակ անց սկսել են նշել, որ սպասարկումը սովորականից ավելի երկար է տևում։
Ինչպես պարզաբանել են Apple–ից, երեք օր է նրանց պահանջվել, որպեսզի հաստատեն, թե հատկապես որ տվյալներն է ստացել չարագործը։
Նախկինում Apple վեբ կայքերն արդեն գրոհների ենթարկվել են։ 2011թ,–ի հուլիսին համացանցում հրապարակվեցին Apple–ի մոտ երեսուն օգտատերերի անուններն ու ծածկագրերը, իսկ պատասխանատվությունն իր վրա վերցրեց Anonymous խումբը։ –0–