Իլոն Մասկը հայտնել է Հայաստանում Starlink–ի գործարկման մասին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․/ԱՌԿԱ/․ Իլոն Մասկը X սոցցանցում հայտնել է Հայաստանում Starlink գերարագ ինտերնետ ծառայության գործարկման մասին:
«Starlink-ն այժմ հասանելի է Հայաստանում՝ դարձնելով այն աշխարհի 130-րդ երկիրը, տարածքը կամ շուկան, որտեղ հասանելի է Starlink-ի գերարագ ինտերնետ ծառայությունը», – նշվում է Starlink–ի հրապարակման մեջ, որով կիսվել է Մասկը։
Այսօր ավելի վաղ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Facebook–ում հայտնել է, որ հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է։
«Starlink ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։ Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Starlink ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ», – նշել է Հայրապետյանը։
Հայրապետյանը նշել է Starlink–ի գործարկման կարևորությունը։
«Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ։ Հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին։ Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից», – նշել է Հայրապետյանը։