Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/ԱՌԿԱ/․ Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, կրթական նախաձեռնությունների և նորարարական լուծումների ոլորտներում, հայտարարել է Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ Ջեֆ Բարրին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Բարրն ընդգծել է, որ Հայաստանի հետ համագործակցությունն արդեն իսկ ունի շոշափելի արդյունքներ և շարունակաբար զարգանում է։
Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, արհեստական բանականության, տվյալների կառավարման և հարակից ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև նոր նախաձեռնությունների և նախագծերի մշակման հեռանկարներին, որոնք միտված են նպաստելու Հայաստանի տեխնոլոգիական ներուժի լիարժեք իրացմանը։