Apple-ն ամբողջովին հրաժարվում է Google Maps-ի օգտագործումից

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Գաղտնիք չէ, որ Apple Maps-ի գործարկման հիմնական նպատակն այն է, որ Apple-ը ձգտում է հրաժարվել Google Maps-ի քարտեզների օգտագործումից: Ամենայն հավանականությամբ` ընկերությունը պատրաստվում է հրաժարվել Google Maps-ից իր մնացած բոլոր ծառայություններում, հաղորդում է planetiphone.ru-ն:
Ի հաստատում այս ամենի՝ Apple-ն այսօր սկսել է Apple Maps-ի գործարկումը iCloud, ինչպես նաև «Գտնել իմ iPhone-ը» ծառայություններում: Հատկանշական է, որ այս ծառայություններում Apple Maps-ի քարտեզներն ակտիվ են միայն որոշ օգտատերերի մոտ: Այս պահին Apple-ը շարունակում է նաև Google Maps-ի օգտագործումը Apple Store խանութի սեփական կայքում:
Եթե դուք ցանկանում եք թեստավորել նոր քարտեզները, ապա կարող եք օգտվել iCloud կայքի բետա-տարբերակից: Թեստավորումից հետո, ամենայն հավանականությամբ, Apple Maps-ը կինտեգրվի ընկերության բոլոր վեբ-ծառայություններում:-0-