USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

Apple ընկերությունը և նրա սկզբունքները չեն փոխվի. Կուկ

26.08.2011, 21:09
Apple ընկերությունը, ինչպես նաև նրա սկզբունքներն ու արժեքները չեն փոխվի, ընկերության աշխատակիցներին ուղղված նամակում հայտնել է Թիմ Կուկը (Tim Cook), ում Սթիվ Ջոբսն առաջադրել է որպես Apple-ի նոր ղեկավար, գրում է Ars Technica թերթը։
Apple ընկերությունը և նրա սկզբունքները չեն փոխվի. Կուկ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի.  /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը, ինչպես նաև նրա սկզբունքներն ու արժեքները չեն փոխվի, ընկերության աշխատակիցներին ուղղված նամակում հայտնել է Թիմ Կուկը (Tim Cook), ում Սթիվ Ջոբսն առաջադրել է որպես Apple-ի նոր ղեկավար, գրում է Ars Technica թերթը։

 

«Սթիվը կառուցել է մի ընկերություն և մշակույթ, որ նման չէ աշխարհի ոչ մի ընկերության, և մենք դրան հավատարիմ կմնանք. դա մեր ԴՆԹ-ում է»,- մեջբերում է Ars Technica-ն Կուկի նամակի խոսքերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

 

Հինգշաբթի լույս գիշերը Սթիվ Ջոբսը հայտարարել է Apple-ի ղեկավարի պաշտոնը լքելու մասին։ Ջոբսն իր հեռանալու պատճառը չի նշել, սակայն ընթացիկ տարվա սկզբից նա անժամկետ արձակուրդում է՝ առողջական վիճակի պատճառով։

 

Apple-ի կառավարման հիմնական գործառույթները կանցնեն Թիմ Կուկին, ում թեկնածությունն առաջարկել է Ջոբսը։ Կուկն արդեն 13 տարի աշխատում է Apple-ում, այս տարվա հունվարից նա կփոխարինի Ջոբսին նրա պաշտոնում։

 

Թեև Ջոբսը լքել է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, նա կշարունակի աշխատել ընկերությունում տնօրենների խորհրդի նախագահ պաշտոնում։

 

Սթիվ Ջոբսը հիմնել է Apple ընկերությունը 1976 թվականին, նրա գործընկերն է եղել Սթիվ Վոզնյակը։ 1980 թվականին ընկերությունն անցկացրել է IPO ընթացակարգ, որն ամենահաջողվածն է եղել ամերիկյան ֆոնդային բորսայի ողջ պատմության ընթացքում։ 1981 թվականին Ջոբսը դարձել է Apple-ի միանձնյա առաջնորդ այն բանից հետո, երբ Վոզնյակը ավիավթարի է ենթարկվել և դադարել է շոշափելի դեր խաղալ ընկերությունում։ -0-