Մեքենաների առուվաճառքի և նվիրատվության գործարքները կթվայնացվեն․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՆԳՆ–ն առաջարկում է թվայնացնել տրանսպորտային միջոցների առուվաճառքի և նվիրատվության գործընթացները, որոնք կապված են սեփականության իրավունքի փոփոխության հետ, հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։
«Եթե նախկինում մեր քաղաքացիները տրանսպորտային միջոցի առուվաճառքի կամ նվիրատվության պայմանագրերի կնքման, ինչպես նաև սեփականության իրավունքի փոփոխման հետ կապված գործընթացները պետք է անեին հաշվառման քննական ստորաբաժանումներ այցելությունների միջոցով, ապա այս նախաձեռնությունն առաջարկում է թվային պլատֆորմով իրականացնել ամբողջ գործընթացը», – ասաց նախարարը։
Նրա խոսքով, եթե անձն ունի տրանսպորտային միջոց, որը ցանկանում է առուվաճառքի առարկա դարձնել, թվային հարթակով ընտրում է այն տրանսպորտային միջոցը, որը պետք է վաճառի, և ինքնաշխատ եղանակով կազմվում է առուվաճառքի պայմանագրի նախագիծը։
«Վաճառողն ընդամենը պետք է ֆիքսի տրանսպորտային միջոցի գինը, ըստ դրա՝ համակարգն ինքնաշխատ եղանակով ստուգում է՝ արդյոք տվյալ տրանսպորտային միջոցն ունի հետախուզումներ, գրանցված համասեփականատերեր։ Եթե կա համասեփականատեր, վաճառողը պետք է կցի նրա կողմից տրված համաձայնությունը։ Ինքնաշխատ եղանակով ստեղծվում է պայմանագիր, և քաղաքացին կարողանում է էլեկտրոնային ստորագրություն թողնել համակարգում։ Երբ պայմանագիրը պատրաստվում է, համակարգն ավտոմատ կերպով այն ուղարկում է գնորդին, եթե գնորդը համաձայնվում է առաջարկին, նա ևս ստորագրում է պայմանագիրը», – նշեց Սարգսյանը։
Նախարարն ավելացրեց, որ թվային լուծումներն արդեն գրեթե պատրաստ են, և նոր համակարգի գործարկումը նախատեսված է 2025թ․–ի սեպտեմբերի 1–ից։ Դրանից հետո քաղաքացիները կկարողանան այդ ամենն իրականացնել բացառապես թվային եղանակով, թվային հարթակում՝ չայցելելով հաշվառման քննական ստորաբաժանումներ։
«Հարթակը հնարավորություն կտա գործարքներ իրականացնել նաև ոչ աշխատանքային օրերին ու ժամերին», – ընդգծեց Սարգսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այլ կարգավորումների մասին։
«Եթե անձը վարկով տրանսպորտային միջոց է ձեռք բերում, ֆինանսական կազմակերպությունը գրավի իրավունքը պետք է գրանցի մեզ մոտ, ինչը ևս ենթադրում է այցելություն հաշվառման քննական ստորաբաժանում։ Ֆինանսական կազմակերպությունները ֆիզիկական անձին տալիս են լիազորագիր, որպեսզի նա այցելի ու իր շահերից բխող գործարքն իրականացնի հաշվառման քննական ստորաբաժանումում։ Հարթակում դա ևս կլինի ինքնաշխատ եղանակով։ Պայմանագրի հիման վրա ընդամենը հայտ ենք ստանում կոնկրետ ֆինանսական կազմակերպությունից, որպեսզի կարողանանք գրավի իրավունքը ձևակերպել մեր կադաստրում։ Նույնը նաև լիզինգի մասին է։ Եթե ֆինանսական կազմակերպությունն ունի ձեռքբերված տրանսպորտային միջոց, որը լիզինգի պայմանագրով տրամադրում է անձին, ապա լիզինգի իրավունքը գրանցվում է հարթակում՝ կրկին չայցելելով հաշվառման քննական ստորաբաժանում», – նշեց Սարգսյանը։