Ֆիշինգ և «ռոմանտիկ» խարդախություններ․ ՀՀ–ում աճում են կիբերհանցագործությունները

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում զգալիորեն աճել է տարբեր ներդրումային, «ռոմանտիկ» խարդախությունների թիվը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի գործարար վարվելակերպի վերահսկողության բաժնի պետ Արթուր Դավթյանը։
Ըստ նրա, ավելացել են նաև ֆիշինգի խարդախության դեպքերը, երբ Հայաստան են ժամանել Ռուսաստանից և Ուկրաինայից միգրանտներ և իրենց հետ նոր ալիք են բերել։ Միաժամանակ նա ստույգ տվյալներ չներկայացրեց նման բնույթի արձանագրված հանցագործությունների թվի մասին։
ԿԲ գործառնական և ՏՏ ռիսկերի բաժնի վերլուծաբան Վլադիմիր Քառյանն իր հերթին նշեց, որ մշտապես իրականացվում է ռիսկերի մոնիտորինգ։
«Չնայած մենք նման դեպքերն անվանում ենք կիբերհանցագործություններ, մեծ մասամբ դրանք զեղծարարության դեպքեր են՝ կապված սոցիալական ինժեներական բաղադրիչի հետ։ Վերջին երեք տարում մենք չենք ունեցել դեպքեր, երբ բանկերը կիբերհարձակումների թիրախ են դարձել, և դրանց միջոցով գողացվել են գումարներ կամ անձնական տվյալներ», – ասաց նա։