500 մլն դոլարի ներդրումով ՀՀ-ում կկառուցվի AI տվյալների կենտրոն. ԲՏԱ նախարարը՝ տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական նախագծի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/ԱՌԿԱ/․ «Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI տվյալային կենտրոն. տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը», -այս մասին հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։ FIREBIRD ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը, Facebook-ի իր էջում մանրամասներ է ներկայացրել նախարարը։
Հայրապետյանը նշել է, որ նախագծի շրջանակում կիրականացվի 500 միլիոն դոլարի ներդրում, կտեղակայվեն հազարավոր NVIDIA BLACKwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք, գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։
Նրա խոսքով, AI տվյալային կենտրոնը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության և ձեռներեցության համար։ Այն խթանելու է տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, ապահովելու է գիտության ու տեխնոլոգիայի կապը, Հայաստանը կդարձնի տարածաշրջանային տեխնոհաբ՝ արհեստական բանականության իրական ստեղծման վայր։
«Այս նախաձեռնությամբ Հայաստանը ոչ միայն արձագանքում է գլոբալ տեխնոլոգիական փոփոխություններին, այլ նաև դառնում է այդ գործընթացների մասնակից։ «Ձևավորվում է նոր հարթակ, որտեղ տեղական ներուժը հնարավորություն կունենա ստեղծելու արդիական լուծումներ՝ համահունչ միջազգային զարգացումներին։ Սա ռազմավարական ներդրում է մեր երկրի երկարաժամկետ տեխնոլոգիական առաջընթացի համար»,-գրել է նա։