USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանում 2014թ.–ի հունվարի 1–ից ներմուծվող MNP ծառայությունը բաժանորդների համար անվճար կլինի. ՀԾԿՀ

17.07.2013, 14:57
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում սահմանեց բջջային հեռախոսահամարների տեղափոխության (Mobile Number Portability – MNP) ծառայության կանոնները, որոնց համաձայն` բաժանորդների համար MNP ծառայությունն անվճար կլինի։

Հայաստանում 2014թ.–ի հունվարի 1–ից ներմուծվող MNP ծառայությունը բաժանորդների համար անվճար կլինի. ՀԾԿՀ

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում սահմանեց բջջային հեռախոսահամարների տեղափոխության (Mobile Number Portability – MNP) ծառայության կանոնները, որոնց համաձայն` բաժանորդների համար MNP ծառայությունն անվճար կլինի։

Հունիսի 15-ից ուժի մեջ է մտել «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի 2014թ. Հայաստանում հնարավոր կլինի ներդնել շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը: Այն բոլոր բաժանորդներին հնարավորություն կտա փոխել իրենց օպերատորին՝ առանց հեռախոսահամարը փոխելու անհրաժեշտության:

«Բաժանորդների համար բջջային հեռախոսահամարների տեղափոխության ծառայությունն անվճար է, իսկ օպերատորները չեն կարող սահմանափակել տվյալ ծառայությունից օգտվելու բաժանորդի իրավունքը»,– ասաց ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը։

Ըստ նրա` հեռախոսահամարների տեղափոխության գործընթացը կիրականացվի երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ բաժանորդն ինքն է առավել ուշ ժամկետներ նշանակում, որոնք, սակայն, չեն կարող գերազանցել 30 օր ժամկետը։

Կանոնների համաձայն` դոնոր օպերատորի հեռախոսահամարի ապաակտիվացման և ընդունող օպերատորի ակտիվացման միջև տարբերությունը չպետք է գերազանցի 2 ժամը։

«Դոնոր օպերատորի նկատմամբ ունեցած բաժանորդի պարտքը խոչընդոտ չի համարվում  MNP ծառայությունից օգտվելու համար։ Միաժամանակ հեռախոսահամարը տեղափոխելիս բաժանորդի հեռախոսահամարի հաշվի դրական մնացորդը չի տեղափոխվում նոր բաժանորդի հեռախոսահամարին»,– ավելացրեց նա։

Սահմանված կանոնների համաձայն` ընթացիկ շաբաթվա ընթացքում Հայաստանի բջջային կապի բոլոր երեք օպերատորները պետք է համատեղ ոչ առևտրային ընկերություն և տվյալների միասնական բազա ստեղծեն, որպեսզի 2014թ.–ի հունվարի 1–ին այդ ծառայությունը ներմուծելու հնարավորություն ունենան։

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն իր հերթին նշեց, որ սահմանված կանոնները պետք է գոհացնեն ոչ միայն օպերատորներին, այլ նաև բաժանորդներին։

«Անհրաժեշտության կամ նոր առաջարկների և բողոքների առաջացման դեպքում մենք կարող ենք գործընթացի ընթացքում վերանայել այդ կանոնները, սակայն ոչինչ չպետք է խանգարի 2014թ.–ի հունվարի 1–ին ծառայության ներմուծմանը»,– ավելացրեց նա։

Նիստին ներկա բջջային օպերատորների ներկայացուցիչները սահմանված կանոնների առումով որևէ առարկություններ չեն արտահայտել` նշելով, որ ամեն ինչ նախօրոք քննարկվել և համաձայնեցվել է իրենց հետ։

Ըստ փորձագետների գնահատականների` MNP–ի ներմուծումն օպերատորներից լրացուցիչ ներդրումներ կպահանջի հաշվետվության և բիլինգային համակարգերի ամբողջական փոխարինման համար։

Առաջին անգամ աշխարհում ֆիքսված համարների տեղափոխելիության ծառայությունը ներդրվել է 1995 թվականին Հոնկոնգում, իսկ բջջային հեռախոսներինը` 1997 թվականին Սինգապուրում։

Neustar Inc. Ամերիկյան ընկերության  (մասնագիտանում է NP-լուծումների ուղղությամբ)` 2011 թվականի տվյալներով, MNP–ն օգտագործվում է 65 երկրում, իսկ առաջիկա երկու տարիներին ծրագրվում է ներդնել ևս 20 երկրում։

ԱՄՆ–ում, Տնտեսական հետազոտությունների Ստենդֆորդի համալսարանի տվյալներով, MNP–ի ներդրումից հետո կապի ծառայությունների սակագները նվազել են միջինը 4-4.5 տոկոսով, միաժամանակ բաժանորդների ծախսերի համախառն նվազումը կազմել է ամսական մոտ 120 մլն դոլար։

Եվրոպայում MNP–ի ներդրումից հետո արձանագրվել է բջջային կապի` միջինը 4–տոկոսանոց նվազում, ֆիքսված կապի` մինչև 11–տոկոսանոց նվազում։ –0–