USD
386.08
EUR
442.6
RUB
4.9314
GEL
141.73
2025 թ. հունիսի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանն ու Mistral AI ֆրանսիական ստարտափը միավորում են ջանքերը AI–ի զարգացման համար

16.05.2025, 11:33
Հայաստանը նախատեսում է համատեղ նախաձեռնություններ իրականացնել Mistral AI ֆրանսիական ընկերության հետ, որն արհեստական բանականության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող ստարտափ է։
Հայաստանն ու Mistral AI ֆրանսիական ստարտափը միավորում են ջանքերը AI–ի զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը նախատեսում է համատեղ նախաձեռնություններ իրականացնել Mistral AI ֆրանսիական ընկերության հետ, որն արհեստական բանականության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող ստարտափ է։

Mistral AI-ի ներկայացուցիչները, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանն ու տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները քննարկել են արհեստական բանականության ուղղվածությամբ մի շարք համատեղ նախաձեռնություններ, գործակցության հնարավորություններ։

Կազմակերպվել է նաև «Արհեստական բանականությունը՝ հանրային կառավարման փոխակերպման համար» թեմայով աշխատաժողով՝ Mistral AI–ի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպմանն անդրադարձ են կատարվել արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և ավտոմատացման, կառավարման, անվտանգության և տնտեսական զարգացման համաշխարհային ԱԲ միտումներին, ԱԲ-ի վրա հիմնված առաջատար կառավարությունների փորձի ուսումնասիրություններին, ԱԲ-ի ազդեցությանը կառավարության գործունեության և քաղաքացիական ծառայությունների վրա, արհեստական բանականության կիրառության միջոցով հանրային հատվածում խարդախության, գնումների և ֆինանսական գործարքների անոմալիաների հայտնաբերմանը, ԱԲ մեխանիզմներով խելացի կառավարմանն ու տվյալների վերյուծությանը, ԱԲ կիրառմամբ՝ արդարադատությանը, առողջապահական և սոցիալական ծառայություններին աջակցման և բարելավելավման մեխանիզմներին, ինչպես նաև թեմային վերաբերող մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար առաջարկվող արհեստական բանականության ներդրման առաջնահերթ նախաձեռնություններին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 2025թ. փետրվարի 10-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, ԲՏԱ նախարարության և «Mistral AI» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել։

Փաստաթղթով նախատեսվում է Հայաստանում բարելավել ԱԲ ենթակառուցվածքները, աջակցել ԱԲ հենքով բիզնես լուծումներին և բարելավել հանրային կառավարումը ԱԲ հիմքով գործող GovTech ծրագրի միջոցով՝ կիրառելով «Mistral AI» ընկերության փորձառությունը առևտրային և բաց կոդով արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտում: Նախարարության հետ համագործակցության շրջանակներում «Mistral AI»-ը Հայաստանում կօգտագործի իր փորձառությունը, կանցկացնի վերապատրաստումներ, կառաջարկի ԱԲ նպատակային լուծումներ։

Mistral AI–ի մասին

Mistral AI-ը արհեստական ​​բանականության ոլորտի առաջատար ֆրանսիական ստարտափ է, որը հիմնադրվել է 2023 թվականի ապրիլին երեք հետազոտողներ Արթուր Մենշի, Գիյոմ Լամպլի և Թիմոթի Լակրուայի կողմից։ Ընկերության առաքելությունն է ժողովրդավարացնել արհեստական ​​բանականությունը բաց կոդի, արդյունավետ և նորարարական արհեստական ​​բանականության մոդելների, պրոդուկտների և լուծումների միջոցով։