Ֆրանսիան ԵՄ–ում կնախաձեռնի սոցցանցերի արգելք 15 տարեկանից ցածր երեխաների համար
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ֆրանսիան հանդես է եկել նախաձեռնությամբ՝ 15 տարեկանից ցածր երեխաների համար սոցցանցերի օգտագործման արգելքը տարածել ամբողջ Եվրամիության վրա, հայտնել է երկրի նախագահ Էմմանուել Մակրոնը:
«Առաջին իսկ օրվանից էս ստանձնել եմ հանձնառություն՝ պաշտպանելու մեր երեխաներին համացանցում: Մենք այս գործը հասցնելու ենք ավարտին: 15 տարեկանից ցածր անձանց համար սոցցանցերի արգելքի հարցով օգոստոսի կեսերին Սահմանադրական խորհրդի կայացրած որոշումից հետո ես վարչապետին հանձնարարել եմ գտնել առաջ շարժվելու ուղին, որը համապատասխանում է Խորհրդի նկատառումներին և եվրոպական օրենսդրությանը»,- X-ում գրել է Մակրոնը:
Օգոստոսի 24-ին Մակրոնը ստորագրել է նոր ուսումնական տարվանից լիցեյներում բջջային հեռախոսների արգելքի մասին օրենքը:
Նա հայտարարել է, որ այժմ դա հաջողվել է անել: «Մանրակրկիտ տեխնիկական աշխատանքից հետո կառավարությունն այսօր ծանուցում է Եվրոպական հանձնաժողովին նախաձեռնության նոր ձևակերպման մասին՝ Սահմանադրական խորհրդի որոշումից մեկ ամիս անց: Այս պաշտպանությունը պետք է ստանդարտ դառնա բոլոր եվրոպացի երեխաների համար»,- նշել է Մակրոնը:
Նրա խոսքով՝ «հենց այդ պատճառով ես Եվրոպական հանձնաժողովի նախագահին տեղեկացրել եմ իմ վճռականության մասին՝ հասնելու նրան, որ Եվրոպան արագ և հետևողականորեն առաջ շարժվի, ներդաշնակեցնի այս արգելքն ամբողջ Եվրոպական միության մակարդակով և կարգավորի թվային հարթակների գործառույթները»:
«Եվրոպական հանձնաժողովի նախագահի, խորհրդարանականների վճռականության և բազմաթիվ եվրոպական պետությունների աջակցության շնորհիվ, որոնք կիսում են մեր դիրքորոշումը և այս հարցը համարում են անհետաձգելի, ուրախ եմ, որ համացանցում անչափահասների պաշտպանությունն այժմ առաջնահերթություն է մեր Եվրոպայի համար և կենտրոնական տեղ է զբաղեցնում նոր ուսումնական տարվա մեկնարկի օրակարգում: Ֆրանսիան այս ուղղությանը կցուցաբերի լիակատար աջակցություն՝ հետևողականորեն և վճռականորեն: Մի թուլացրեք ջանքերը»,- ասել է Մակրոնը: