Հայաստանի կրթական համակարգը սեպտեմբերից կստանա 50 հազար ԱԲ բաժանորդագրություն
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Սեպտեմբերից Հայաստանի բարձրագույն կրթության և հանրակրթության համակարգի համար հասանելի կդառնա արհեստական բանականության (ԱԲ) կրթական գործիքակազմը, հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ Firebird-ի և OpenAI-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է հասանելի դարձնել 50 հազար բաժանորդագրություն։
«Այդ բաժանորդագրության միջոցով նախատեսում ենք, որ թե՛ մեր սովորողները, թե՛ բուհական համակարգը կունենան հնարավորություն ԱԲ կրթական գործիքներն օգտագործելու»,- ասել է Անդրեասյանն ասուլիսի ժամանակ` ընդգծելով, որ հանրակրթության դեպքում գործիքակազմը նախատեսվում է կիրառել բացառապես ավագ դասարանների համար։
Նախարարը նշել է, որ ChatGPT Edu գործիքակազմը նախատեսված է հենց կրթական գործընթացներին արհեստական բանականության աջակցությունն ապահովելու համար։
«Ուսուցիչներն ունենալու են հնարավորություն գործիքակազմի միջոցով մեխանիկական աշխատանքից ազատել իրենց ժամանակը և կենտրոնանալ ավելի ստեղծագործական աշխատանքի վրա»,- ասել է Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ գործիքակազմը կարող է օգնել տարբեր առաջադրանքների և թեստերի կազմմանը, ինչպես նաև թեմատիկ պլանավորմանը։
Նախարարը հայտնել է, որ առաջիկայում կլինեն նաև համապատասխան ուղեցույցներ և տեսանյութեր, որոնք կտրամադրվեն կրթական համակարգին և հնարավորություն կտան բարձրացնել այս գործիքակազմի օգտագործման արդյունավետությունը։
«Կրթական համակարգը պետք է սովորի առնչվել ԱԲ-ի հետ։ Դա մի իրողություն է, որն այլևս մեր կյանքի մասն է։ Մենք վստահ ենք, որ միայն գրագետ և մտածված լուծումներն են, որ կկարողանան այդ գործիքը մեզ ծառայեցնել՝ հօգուտ որակյալ կրթության, ոչ թե դրանով բերել մեծագույն մարտահրավերներ»,- ընդգծել է Անդրեասյանը։