USD
365.82
EUR
422.74
RUB
4.3644
GEL
139.91
2026 թ. օգոստոսի 14, ուրբաթ
եղանակը
Երևանում
+29

WhatsApp–ը թեստավորում է ԱԲ–ֆունկցիա՝ խարդախ հաղորդագրությունների հայտնաբերման համար

Այսօր, 18:09
Meta-ն WhatsApp-ում թեստավորում է հնարավոր խարդախության մասին նախազգուշացման նոր ֆունկցիա, որն օգտագործում է մեքենայական ուսուցման ալգորիթմներ անմիջապես օգտատիրոջ սարքի վրա
WhatsApp–ը թեստավորում է ԱԲ–ֆունկցիա՝ խարդախ հաղորդագրությունների հայտնաբերման համար

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Meta-ն WhatsApp-ում թեստավորում է հնարավոր խարդախության մասին նախազգուշացման նոր ֆունկցիա, որն օգտագործում է մեքենայական ուսուցման ալգորիթմներ անմիջապես օգտատիրոջ սարքի վրա, հայտնում է 3dnews.ru-ն՝ հղում անելով The Verge-ին:

Scam Warnings («Նախազգուշացումներ խարդախության մասին») ֆունկցիան առայժմ հասանելի է սահմանափակ բետա-թեստավորման շրջանակում:

Եթե համակարգը մուտքային հաղորդագրությունը սահմանում է որպես պոտենցիալ խարդախային, օգտատիրոջն անմիջապես չաթում ցուցադրվում է նախազգուշացում, որը զրուցակիցը չի տեսնում: Դրանից հետո օգտատերը կարող է արգելափակել կոնտակտը, բողոքարկել այն կամ շարունակել նամակագրությունը:

Ընդ որում, ընկերության տվյալներով, հաղորդագրությունների վերլուծությունն իրականացվում է տեղական մակարդակում՝ սարքի վրա. դրանց բովանդակությունը դասակարգման համար ավտոմատ կերպով չի փոխանցվում WhatsApp-ին կամ Meta-ին:

Եթե նախազգուշացումը սխալ է, օգտատերը կարող է չաթը նշել որպես վստահելի: Նախատեսված է նաև համակարգի աշխատանքի բարելավման համար վերջին հինգ հաղորդագրությունները կամավոր կերպով WhatsApp-ին ուղարկելու հնարավորություն:

Ֆունկցիան կարելի է անջատել կարգավորումներում:

Ավելի վաղ WhatsApp-ը ներդրել էր խարդախությունից լրացուցիչ պաշտպանություն՝ օգտատիրոջ հաշվին նոր սարքեր կապելու փորձերի ժամանակ: