USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Meta–ն ընդլայնում է փաստերի ստուգման ծրագիրը և Հայաստանում ներգրավում է ՍիվիլՆեթ լրատվամիջոցին

02.07.2024, 15:25
ՍիվիլՆեթը կսկսի փաստերի ստուգման աշխատանքները Facebook-ում և Instagram-ում այս տարվա հուլիսին
Meta–ն ընդլայնում է փաստերի ստուգման ծրագիրը և Հայաստանում ներգրավում է ՍիվիլՆեթ լրատվամիջոցին

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Meta-ն հայտարարել է, որ ընդլայնում է իր՝ երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը և Հայաստանում ներգրավում է ՍիվիլՆեթ լրատվամիջոցին, նշվում է ՍիվիլՆեթի կայքում։

ՍիվիլՆեթը, որի #CivilNetCheck ստորաբաժանումն իրականացնում է փաստերի ստուգում և հավաստագրվել է Փաստերի ստուգման միջազգային ցանցի կողմից, կներգրավի հայերենով փաստեր ստուգողների՝ Հայաստանում բովանդակության ճշգրտությունը ստուգելու և գնահատելու համար:

Meta-ն ապատեղեկատվության դեմ իր որդեգրած շարունակական պայքարի շրջանակում համագործակցում է անկախ, երրորդ կողմի փաստեր ստուգողների հետ ամբողջ աշխարհում, որոնք վերանայում և գնահատում են բովանդակության ճշգրտությունը։ Meta-ն ունի փաստերի ստուգման ամենամեծ ցանցը բոլոր հարթակներում։ Երբ փաստերի ստուգողը գնահատում է բովանդակությունը՝ որպես կեղծ, ընկերությունը նվազեցնում է դրա տեսանելիությունը լրահոսում (feed)՝ էապես կրճատելով այդ տեղեկատվության տարածումը։ Սա չեզոքացնում է ապատեղեկատվության տարածումն ու սահմանափակում մարդկանց թիվը, որոնք տեսնում են դա։ Շարունակաբար կեղծ տեղեկատվություն տարածող էջերի, խմբերի ու օգտահաշիվների տեսանելիությունը կրճատվում է, նրանց համար հանվում է մոնետիզացիայի և գովազդի հնարավորությունը։ Երբ բովանդակությունը որակվում է որպես կեղծ, Meta-ն այդ մասին նախազգուշացնում է օգտատերերին, որոնք տեսնում են այդ հրապարակումը կամ փորձում են տարածել այն։ Փաստեր ստուգողները Facebook-ից կամ Instagram-ից չեն ջնջում բովանդակությունը, օգտահաշիվները կամ էջերը։

ՍիվիլՆեթը կսկսի փաստերի ստուգման աշխատանքները Facebook-ում և Instagram-ում այս տարվա հուլիսին։ Այսօր Meta-ն աշխատում է փաստերի ստուգման գրեթե 100 գործընկերների հետ ավելի քան 60 լեզուներով և ներդրումներ է իրականացնում այդ ջանքերն ավելի մեծացնելու ուղղությամբ։