Լեզվաբանական գիտելիքների համահայկական ինտերնետ կենտրոն է ներկայացվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լեզվաբանական գիտելիքների համահայկական ինտերնետ կենտրոնն է ներկայացվել շաբաթ օրը Երևանում։
Ինչպես միջոցառման ընթացքում հայտնեց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինտերակտիվ կենտրոնի ստեղծման գաղափարը թույլ կտա մեկտեղել հայոց լեզվի տերմինաբանության բոլոր սկզբունքները, անգլերենի, արևմտահայերենի անցումով, իսկ հետագայում նաև ռուսերենի և թուրքերենի։
«Արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը էլեկտրոնային թարգմանության մեր նախորդ ծրագիրը մեծ ճանաչում է վայելում` մեղմելով լեզվական տարբերությունները, և կարծում եմ, որ նոր ծրագիրը նույնպես նմանատիպ ճանաչում կունենա»,- ասաց Հակոբյանը։
Նախագծի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական լաբորատորիայի ղեկավար Էդուարդ Մանուկյանի խոսքով՝ նախագծի նպատակն է ստեղծել հայոց լեզվով հավաքվող գիտելիքների համահայկական շտեմարան (էլեկտրոնային հենք), որտեղ կներառվեն ինչպես ընդհանուր օգտագործման բառեր, այնպես էլ հիմնական գիտահասարակական ուղղություններին բնորոշ տերմիններ և դրանց բացատրություններ:
«Բազայի ստեղծումը թույլ կտա մեկ կենտրոնում հավաքել հայոց լեզվի բոլոր բառերն ու տերմինները, որոնք հնարավոր կլինի ոչ միայն թարգմանել արևմտահայերեն, ռուսերեն կամ անգլերեն ու թուրքերեն, այլ նաև ստանալ դրանց բացատրությունն ու կիրառումը, այդ թվում՝ Վիքիպեդիայի ռեսուրս ուղիղ մուտքով»,- ասաց Մանուկյանը։
Ըստ նրա՝ նոր ռեսուրսը նաև իմաստային թարգմանության հնարավորություն է տալիս՝ ամբողջությամբ մրցակցելով Google-ի թարգմանիչի հետ, ինչպես նաև ստուգում է հայերեն նախադասությունների քերականությունը և շարահյուսությունը։
Նա նշեց նաև, որ նմանատիպ ռեսուրսի առկայությունը թույլ կտա սփյուռքահայությանը հաղթահարել լեզվական արգելքները և հնարավորություն ունենալ գրել և կարդալ ավելի գրագետ հայերենով։
Մանուկյանը նշեց նաև, որ այսօր ռեսուրսի բառային բազան, կախված լեզվից, տատանվում է 65-75 հազ. բառի սահմաններում, սակայն այն մշտապես կհամալրվի։ Այդ կապակցությամբ նա ընդգծեց, որ ռեսուրսը բաց է լեզվաբանների հետ համագործակցության համար, իսկ դրանում ընդգրկվող բոլոր բառերը ստուգում կանցնեն Լեզվի պետական տեսչության կողմից։
2010 թվականին սփյուռքի նախարարության կողմից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական լաբորատորիայի ղեկավար Էդուարդ Մանուկյանի հետ համագործակցությաբ ներկայացվեց կոնվերտեր
արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը։--0--