USD
365.25
EUR
422.81
RUB
4.3052
GEL
139.81
2026 թ. օգոստոսի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+33

Հայաստանը և Հնդկաստանը ստորագրել են պաշտպանական արդյունաբերության բնագավառում համագործակցության և համատեղ արտադրության մասին հուշագիր

Այսօր, 15:46
Փաստաթղթով կողմերն ամրագրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացման ուղղությունները
Հայաստանը և Հնդկաստանը ստորագրել են պաշտպանական արդյունաբերության բնագավառում համագործակցության և համատեղ արտադրության մասին հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/ԱՌԿԱ/. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանն օգոստոսի 17-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԲՏԱ նախաարրությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները պաշտպանական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում՝ կարևորելով գիտական հետազոտությունների, զարգացման և նորարարության ուղղությունները։ Ընդգծվել է ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման և հայկական ընկերությունների հետ գործընկերության զարգացման կարևորությունը։

Հանդիպման շրջանակում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև «Պաշտպանական արդյունաբերության բնագավառում հետազոտությունների, զարգացման, նորարարությունների և համատեղ արտադրության ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը։

Փաստաթղթով կողմերն ամրագրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացման ուղղությունները՝ ներառյալ համատեղ գիտահետազոտական, նախագծային և նորարարական ծրագրերի իրականացումը, պաշտպանական տեխնոլոգիաների ստարտափների և ինկուբատորների զարգացումը, ինչպես նաև ոլորտի մասնագետների կարողությունների և փորձի փոխանակման ծրագրերը։

Հուշագիրը ստորագրել են ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արամ Ջիվանյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը։

Կողմերը պայմանավորվել են հետագա քայլերի շուրջ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործումն ապահովելու նպատակով։