YouTube-ում օգոստոսի 24–ից կփոխի դիտումների հաշվարկի կանոնները
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ YouTube-ը օգոստոսի 24-ից կփոխի տեսանյութերի հանրային դիտումների հաշվարկման մեթոդաբանությունը. դիտումը կհաշվառվի հենց դիտումը սկսվելու պահից: Փոփոխության մասին հայտնել է հենց ինքը՝ հարթակը:
YouTube-ում պարզաբանել են, որ պատմականորեն բովանդակության տարբեր ձևաչափերի համար օգտագործվել են հաշվարկման տարբեր համակարգեր: Ընկերությունը որոշել է ունիֆիկացնել (միասնականացնել) ցուցանիշը, որպեսզի հեղինակները կարողանան ավելի ճշգրիտ գնահատել իրենց նյութերի ընդհանուր ընդգրկումը:
Փոփոխությունից հետո դիտումների հանրային թիվը կարող է ավելի արագ աճել, քանի որ դիտումը կֆիքսվի արդեն դիտումը սկսվելու պահից: YouTube-ը զգուշացնում է, որ նոր մեթոդաբանությանն անցնելուց հետո հեղինակները, հավանաբար, կտեսնեն դիտումների ընդհանուր թվի ավելի արագ աճ:
Ընդ որում, խոսքը վերաբերում է հենց հանրայնորեն ցուցադրվող հաշվիչին: Լսարանի փաստացի ներգրավվածության գնահատման նախկին մոտեցումը YouTube-ը կպահպանի վերլուծության (analytis) մեջ՝ Engaged Views («ներգրավված դիտումներ») առանձին ցուցանիշի տեսքով:
Ընկերությունն ընդգծում է, որ փոփոխությունը չի ազդի հեղինակների եկամուտների և YouTube Partner Program-ին մասնակցության կանոնների վրա: Եկամտի և համապատասխան ցուցանիշների հաշվարկման ժամանակ YouTube-ը կշարունակի հաշվի առնել Shorts-ի ներգրավված դիտումները և դիտումների ներգրավված ժամանակը:
Կարճ տեսանյութերի (Shorts) համար նմանատիպ համակարգը գործում է արդեն 2025 թվականի մարտի 31-ից. դիտումը հաշվվում է ամեն անգամ, երբ Shorts-ը սկսում է կամ վերագործարկվում է, առանց դիտման նվազագույն տևողության պահանջի: Ընդ որում, Shorts-ի համար նախկին ցուցանիշը պահպանվել է Engaged Views անվանման ներքո:
YouTube-ի տվյալներով՝ մեթոդաբանության ունիֆիկացումը պետք է տարբեր ձևաչափերի ցուցանիշները դարձնի ավելի համադրելի և հեղինակներին ավելի հստակ պատկերացում տա բովանդակության ընդհանուր ընդգրկման մասին: Դիտումների հաշվարկի նմանատիպ սկզբունք կիրառվում է Instagram-ում և TikTok-ում: