Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը» (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հրազդանում այսօր բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»։
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, Firebird AI-ի համահիմնադիր և CEO Ալեքսանդր Եսայանը, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենը, Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներ, այլ բարձրաստիճան հյուրեր:
«Աննկարագրելի ուրախությամբ հայտնում եմ, որ քիչ առաջ Հրազդանում բացվեց Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը», – գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը Facebook–յան իր էջում։
Ինչպես հայտնել է NVIDIA-ն իր բլոգում, Firebird-ը նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը Հայաստանում տեղակայել NVIDIA-ի Rubin և Blackwell սերունդների ավելի քան 70 հազար գրաֆիկական պրոցեսորներ և AI-ենթակառուցվածքի հզորությունը հասցնել 300 ՄՎտ-ի:
Բացի այդ, Firebird-ը հայտարարել է ընկերությունում ներդրումներ անելու NVIDIA-ի մտադրության մասին: Ավելի վաղ ընթացիկ տարում Firebird-ում ներդրումներ էր կատարել CoreWeave-ը: Հեռանկարում, NVIDIA-ի աջակցությամբ, ընկերությունը նախատեսում է ստեղծել շուրջ 2 ԳՎտ AI-ենթակառուցվածք Հայաստանում, Ղազախստանում և այլ շուկաներում:
NVIDIA-ում նշում են, որ հայկական AI-ֆաբրիկան ստեղծվել և շահագործման է հանձնվել վեց ամսից փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում: Հրազդանի օբյեկտի էներգետիկ ենթակառուցվածքն ապահովում է Schneider Electric-ը, հովացման համակարգը՝ Vertiv-ը, իսկ հաշվարկային հզորությունները տեղակայված են Dell PowerEdge սերվերներում:
Firebird-ի հաշվարկային հզորությունների առաջին սպառողներից մեկը դարձել է Perplexity ընկերությունը, որը մտադիր է կենտրոնի ենթակառուցվածքն օգտագործել իր AI-գործակալների հարթակի և որոնողական-պատասխանող ծառայության համար:
AI տվյալների կենտրոնի նախագծի մասին
Հայաստանի կառավարությունը, NVIDIA-ն, Firebird-ը և Team Group-ը 2025 թվականի հունիսին հայտարարեցին արհեստական բանականության լուծումների հիման վրա սուպերհամակարգչային կենտրոնի և տվյալների մշակման կենտրոնի ստեղծման նախագծի մեկնարկի մասին:
Ավելի քան 100 ՄՎտ հզորությամբ ենթակառուցվածքով տվյալների կենտրոնի սեփականատերը Firebird-ն է, նախագծի գործընկերը՝ Dell-ը, Blackwell GPU բարձր արտադրողականությամբ գրաֆիկական պրոցեսորների մատակարարումն իրականացնում է NVIDIA-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Firebird AI ԻԻ-կենտրոնում ներդրումների ծավալը առաջին փուլում կազմում է 500 մլն դոլար: Երկրորդ փուլի ավարտից հետո համախառն ներդրումները կարող են հասնել շուրջ 5 մլրդ դոլարի, իսկ լրացուցիչ շահագործման հանձնված NVIDIA-ի Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորների թիվը կկազմի մոտ 42 հազարի
Նոր ԱԲ կենտրոնը թույլ կտա զարգացնել արհեստական բանականության տեխնոլոգիաները, կենսագիտությունը, ռոբոտատեխնիկան և տիեզերքի յուրացումը: Նախագիծն իրականացվում է Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների աջակցությամբ: