Հսյաստանը ստեղծում է սեփական ենթակառուցվածքն ԱԲ–ի զարգացման համար․ NVIDIA–ի գլխավոր տնօրեն (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Firebird ընկերությունը նախատեսում է առաջիկա 12 ամիսների ընթացքում Հայաստանում և Ղազախստանում տեղակայել 250 ՄՎտ հզորությամբ արհեստական բանականության ենթակառուցվածք՝ NVIDIA տեխնոլոգիաների հիման վրա, հայտարարել է NVIDIA-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը Հրազդան քաղաքում Firebird AI տվյալների կենտրոնի գործարկման առթիվ հղած տեսաուղերձում:
«Այսօր Հայաստանն ու Ղազախստանը ստեղծում են ենթակառուցվածք, որը թույլ կտա զարգացնել սեփական արհեստական բանականությունը հենց իրենց տանը», — հայտարարել է Հուանգը:
Նրա խոսքով՝ ստեղծվող ենթակառուցվածքը հասանելի կլինի երկու երկրների հետազոտողներին, ստարտափներին, արդյունաբերական ընկերություններին և պետական կառույցներին՝ տեղական մշակողներին տրամադրելով հաշվարկային հզորություններ՝ արհեստական բանականության հիման վրա լուծումներ ստեղծելու և ներդնելու համար:
Հուանգը նշել է, որ ԱԲ-ի զարգացումն ուղեկցվում է հաշվարկային ռեսուրսների նկատմամբ գլոբալ պահանջարկի աճով: Նրա գնահատմամբ՝ արհեստական բանականության ենթակառուցվածքը դառնում է թվային ենթակառուցվածքի ինքնուրույն տարր՝ ամպային ծառայությունների և տվյալների մշակման կենտրոնների կողքին:
NVIDIA-ի ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ սեփական հաշվարկային հզորությունների առկայությունը ռազմավարական նշանակություն է ձեռք բերում պետությունների և ընկերությունների համար, քանի որ թույլ է տալիս զարգացնել և շահագործել ԱԲ-համակարգերը երկրի ներսում: Նա հավելել է, որ նոր հզորությունները կարող են օգտագործվել ինչպես տեղական մշակողների և ստարտափների, այնպես էլ միջազգային ընկերությունների կողմից՝ ԱԲ-համակարգեր ստեղծելու և շահագործելու համար:
Նախագիծը Հայաստանում
Firebird նախագիծը, որի շրջանակում Հրազդանում ստեղծվել է արհեստական բանականության համար տվյալների մշակման խոշոր կենտրոն, իրականացվում է NVIDIA-ի մասնակցությամբ և Հայաստանի ու ԱՄՆ-ի կառավարությունների աջակցությամբ:
2025 թվականի հուլիսին հաղորդվում էր, որ նախագծում ներդրումների ծավալը նախնական փուլում գնահատվում է շուրջ 500 մլն դոլար: Նախատեսվում էր NVIDIA Blackwell-ի հազարավոր գրաֆիկական պրոցեսորների տեղակայում և 100 ՄՎտ-ից ավելի հզորությամբ ենթակառուցվածքի ստեղծում:
2026 թվականի հունիսին Հայաստան մատակարարվեց NVIDIA Blackwell-ի 1 792 պրոցեսորներից բաղկացած առաջին խոշոր խմբաքանակը՝ նախագծի առաջին փուլի համար նախատեսված 6 144 GPU-ից:
Ղազախստանյան կոնտուրը
Զուգահեռաբար Firebird-ը ԱԲ ենթակառուցվածքի խոշոր նախագիծ է զարգացնում Ղազախստանում:
2026 թվականի հունիսին Ղազախստանի կառավարությունը հայտնեց Firebird-ի հետ 10 մլրդ դոլարի չափով արհեստական բանականության ոլորտում համաձայնագրերի փաթեթի ստորագրման մասին՝ NVIDIA-ի հետ տեխնոլոգիական համագործակցությամբ:
Ղազախստանյան կողմը հայտարարում էր շուրջ 100 հազար ժամանակակից GPU-ների վրա հիմնված հաշվարկային կլաստերի ստեղծման պլանների մասին, ներառյալ NVIDIA GB300 և Vera Rubin լուծումները:
Այսպիսով, Firebird-ի նախագծերը Հայաստանում և Ղազախստանում ձևավորում են տարածաշրջանում ընկերության ԱԲ հաշվարկային ենթակառուցվածքի զարգացման երկու ուղղություն: Ընդ որում, հայկական նախագիծը Firebird-ի առաջին ԱԲ կենտրոնն է և արդեն անցել է հաշվարկային սարքավորումների տեղակայման փուլին: