USD
368.18
EUR
428.71
RUB
5.1754
GEL
138.15
2026 թ. մայիսի 29, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Մասշտաբային համագործակցություն. OpenAI-ը նախատեսում է ChatGPT Edu ներդնել ՀՀ դպրոցներում և բուհերում

Այսօր, 21:13
ՀՀ դպրոցներում և բուհերում 2026–2027 ուսումնական տարվա սկզբից նախատեսվում է ներդնել ChatGPT Edu հարթակը
Մասշտաբային համագործակցություն. OpenAI-ը նախատեսում է ChatGPT Edu ներդնել ՀՀ դպրոցներում և բուհերում

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/. ChatGPT Edu հարթակը նախատեսվում է ներդնել Հայաստանի դպրոցներում և բուհերում 2026-2027 ուսումնական տարվա սկզբից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Firebird» ընկերության և «OpenAI»-ի համագործակցության շրջանակում։

Համապատասխան համագործակցության համաձայնագիրը ուրբաթ Երևանում ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և «Firebird» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Հեռավար ձևաչափով միջոցառմանը միացել է «OpenAI» ընկերության «Education for Countries» նախաձեռնության ղեկավար Ջեյնա Դևանը։

Ծրագրի բյուջեն

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին ծրագրի բյուջեի վերաբերյալ՝ Եսայանը հայտնել է, որ ներկա փուլում «Firebird» ընկերության կողմից աջակցության ծավալը կազմում է շուրջ 700 հազար դոլար։

Նրա խոսքով՝ հետագայում ծրագրի ֆինանսավորումը պետք է շարունակի կառավարությունը։

Հասանելիություն ChatGPT Edu-ին

Ինչպես հայտարարել է նախարար Անդրեասյանը, նախաձեռնությունը կապահովի արհեստական բանականության (ԱԲ) գործիքների հասանելիության նոր մակարդակ Հայաստանի կրթական համակարգում։

Նրա խոսքով՝ սկզբնական փուլում խոսքը 50 հազար կրթական բաժանորդագրության մասին է, և հետագայում այդ թիվը կավելանա։

Նախարարը տեղեկացրել է, որ ծրագիրը կընդգրկի Հայաստանի բոլոր ավագ դպրոցները (10–12-րդ դասարաններ) և հանրապետության բուհերը։ Դասախոսներն ու ուսուցիչները կանցնեն համապատասխան վերապատրաստում և հասանելիություն կստանան հարթակին։

Իր հերթին Եսայանը վստահություն է հայտնել, որ ծրագիրն ամբողջությամբ կներդրվի սեպտեմբերի 1-ից։

«OpenAI-ի մեր գործընկերները մասնակցում են հեռավար ձևաչափով, սակայն շուտով կժամանեն Հայաստան՝ ծրագրի ներդրման ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ սկսելու համար»,- ասել է նա։

ԱԲ-ն կրթական համակարգում

Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթական համակարգում շարունակվում են ԱԲ գործիքների կիրառման ու ընդլայնման, ինչպես նաև այս ոլորտում գրագիտության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները։

«ԱԲ-ն մտել է մեր իրականություն, և կրթական համակարգն ամբողջ աշխարհում կանգնած է այս իրականության հետ փոխգործակցության անհրաժեշտության առաջ։ Հայաստանը, ինչպես և աշխարհի շատ առաջատար երկրներ, իր ապագան տեսնում է տեխնոլոգիական զարգացման մեջ։ Այս նախաձեռնությունը նոր հնարավորություններ կստեղծի մեր բուհերի, դպրոցների, դասախոսների, ուսանողների, ուսուցիչների և աշակերտների համար»,- ասել է Անդրեասյանը։

OpenAI-ի դիրքորոշումը

«OpenAI»-ի ներկայացուցիչ Ջեյնա Դևանը նշել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Firebird» ընկերության հետ համագործակցությունը թույլ կտա ապահովել ChatGPT Edu-ի հասանելիությունը Հայաստանի ուսանողների, մանկավարժների և հետազոտողների համար։

Նրա խոսքով՝ խոսքը առաջատար ԱԲ գործիքների անվտանգ, ստեղծագործ և արդյունավետ կիրառման մասին է։

«Հայաստանն ունի հզոր մարդկային ներուժ և զարգացող թվային ենթակառուցվածքներ, և այս նախաձեռնությունը կարող է նպաստել նորարարների հաջորդ սերնդի ձևավորմանը, որոնք տիրապետում են ԱԲ ոլորտի գրագիտությանը»,- ասել է Դևանը։