WhatsApp–ը մշակում է սեփական պահոցը չատերի պահուստային պատճեների համար
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/ԱՌԿԱ/․ WhatsApp-ը մշակում է սեփական ամպային պահոցը iPhone-ի օգտատերերի նամակագրության պահուստային պատճեների համար, որը կարող է այլընտրանք դառնալ Apple iCloud ծառայությանը: Այս մասին հայտնում է 3dnews.ru-ն՝ հղում անելով WABetaInfo մասնագիտացված ռեսուրսին, որն ուսումնասիրել է iOS-ի համար մեսենջերի թեստային տարբերակը:
Այս գործառույթը դեռևս հասանելի չէ WhatsApp TestFlight բետա-թեստավորման ծրագրի մասնակիցներին: Այնուամենայնիվ, WABetaInfo-ին հաջողվել է ակտիվացնել ինտերֆեյսի այն հատվածը, որը թույլ է տալիս ընտրություն կատարել iCloud-ի և WhatsApp-ի ամպային պահոցի միջև՝ պահուստային պատճենը պահպանելու համար:
Համաձայն հրապարակված տվյալների՝ WhatsApp-ի սեփական պահոցի օգտատերերին կարող է տրամադրվել մինչև 2 Գբայթ անվճար տարածություն: Դիտարկվում են նաև վճարովի սակագներ՝ պահոցի մինչև 1 Տբայթ ծավալով։ Սակագների պայմաններն ու արժեքը մինչև գործառույթի պաշտոնական գործարկումը կարող են փոփոխվել:
Ենթադրվում է, որ WhatsApp-ի պահոցում պահպանվող պահուստային պատճենները լռելյայն պաշտպանված կլինեն: Արխիվին հասանելիություն ստանալու համար օգտատերերը կկարողանան կիրառել մուտքի բանալի, գաղտնաբառ կամ 64-նիշանոց վերծանման բանալի:
WhatsApp-ը նմանատիպ հնարավորություն է մշակում նաև Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար: Այն պետք է այլընտրանք դառնա Google Drive-ում նամակագրության պահուստային պատճենների պահպանմանը:
Նոր գործառույթների գործարկման պաշտոնական ժամկետները չեն հաղորդվում: