Հայաստանում ապրիլի 1-ից կնվազի էլեկտրամոբիլների գույքահարկը
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրվա նիստում հաստատել է էլեկտրոմոբիլների գույքահարկի հաշվարկման ժամանակ կիրառվող շարժիչի հզորության հաշվարկման մեթոդաբանության փոփոխությունը։
Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2026 թվականի ապրիլի 1-ից։
«Այսօր շատ էլեկտրամոբիլների սեփականատերեր գույքահարկ են վճարում ավելի բարձր, քան իրականում պետք է լիներ, որի պատճառը գործող հաշվարկման մեխանիզմն է, ինչը հաճախ չի արտացոլում շարժիչի իրական հզորությունը։», - ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նոր մեթոդաբանությունը նախատեսում է ընթացիկ առավելագույն կամ պիկ հզորության փոխարեն օգտագործել արդյունավետ կամ 30-րոպեանոց կայուն հզորությանը մոտ արժեք։
Ըստ նոր նախագծի՝ եթե էլեկտրոմոբիլն ունի ԵԱՏՄ տվյալների բազայում գրանցված տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիր, ապա հաշվարկի ժամանակ կօգտագործվի դրանում նշված շարժիչի հզորությունը։
Էլեկտրոնային անձնագրի բացակայության դեպքում հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով.
· մինչև 250 ձիաուժ հզորությամբ շարժիչի հզորությունը բաժանվում է 1,5 գործակցի վրա.
· եթե հզորությունը գերազանցում է 250 ձիաուժը, ապա առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1,5 գործակցի, իսկ մնացած մասը՝ 2,5 գործակցի։
«Օրինակ՝ 218 ձիաուժ հզորությամբ 2025 թվականի արտադրության էլեկտրոմոբիլի համար գույքահարկը կարող է նվազել մոտ 133 հազար դրամից մինչև շուրջ 43 հազար դրամ», - տեղեկացրել է Սարգսյանը։
Փոփոխությունները կտարածվեն նաև արդեն գրանցված էլեկտրոմոբիլների վրա։ Սեփականատերերը կկարողանան դիտել իրենց մեքենաների վերաբերյալ թարմացված տվյալները Roadpolice հարթակում գտնվող անձնական էջերում։