USD
361.97
EUR
404.72
RUB
4.2413
GEL
139.19
2026 թ. հոկտեմբերի 9, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

Կիբեռմարտահրավեր. ի՞նչ է սեռական շորթումը և ինչպե՞ս պաշտպանել երեխաներին ու դեռահասներին (ՎԻԴԵՈ)

Երեկ, 14:43
Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը պարզաբանում է, թե ի՞նչ է սեռական շորթումը և ինչպե՞ս պաշտպանել երեխաներին ու դեռահասներին. ՎԻԴԵՈ
Կիբեռմարտահրավեր. ի՞նչ է սեռական շորթումը և ինչպե՞ս պաշտպանել երեխաներին ու դեռահասներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․    ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը պարզաբանում է, թե ի՞նչ է սեռական շորթումը և ինչպե՞ս պաշտպանել երեխաներին ու դեռահասներին։

«Սեռական շորթումն այն երևույթն է, երբ չարագործը սպառնում է հրապարակել կամ տարածել անձի մասին սեռական բնույթի նյութեր (հաղորդագրություններ, մերկ լուսանկարներ կամ տեսանյութեր), եթե նա չկատարի իր պահանջները»,- ՆԳՆ ոստիկանության պաշտոնական Facebook-յան էջում տարածած տեսանյութում հայտնել է Մկրտչյանը։

Նրա խոսքով, պահանջները կարող են լինել տարաբնույթ՝ նոր լուսանկարների տրամադրումից մինչև դրամական միջոցներ։

Նա նշել է, որ ժամանակակից ԱԲ գործիքների միջոցով հանցագործները կարող են ստեղծել կեղծ, բայց խիստ իրական թվացող լուսանկարներ կամ տեսանյութեր նույնիսկ այն դեպքում, երբ անչափահասը երբևէ մերկ լուսանկար չի արել և ուղարկել այլ անձի։ Դա ևս կարող է դառնալ շանտաժի առարկա։

«Նման իրավիճակում հայտնվելով՝ երեխաները հաճախ լռում են, քանի որ վախենում են ծնողների արձագանքից, այն է՝ որոշակի արգելքներից»,-ասել է Հայկ Մկրտչյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է վստահեցնել երեխային, որ խնդիրներ ունենալիս կարող է դիմել իր ծնողին՝ առանց պատժվելու վախի։

«Բացատրեք, որ համացանցում շատ են տարաբնույթ վտանգները, ուստի չի կարելի հաղորդակցվել անծանոթ անձանց հետ, իսկ նմանատիպ պահանջի դեպքում անհապաղ պետք է դիմի ձեզ»,-եզրափակել է Մկրտչյանը՝ հավելելով, որ եթե երեխան դարձել է նման հանցագործության զոհ, անպայման պետք է դիմել իրավապահ մարմիններին։