Հայաստանը Բարսելոնայի գերհամակարգչային կենտրոնի հետ քննարկում է ԱԲ և քվանտային հաշվարկների ոլորտում համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/. Հայաստանը և Բարսելոնայի գերհամակարգչային կենտրոնը քննարկել են արհեստական բանականության, քվանտային հաշվարկների, համատեղ գիտահետազոտական ոլորտներում համագործակցության և վերապատրաստման նախաձեռնությունների հնարավորությունները:
Այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը՝ փոխնախարար Գևորգ Մանթաշյանի Իսպանիա կատարած այցից հետո:
BSC-CNS այցի ընթացքում հայկական կողմը ծանոթացել է Եվրոպայի առաջատար գերհամակարգչային ենթակառուցվածքներից մեկին՝ MareNostrum 5-ին, և դրա հետ ինտեգրված երեք քվանտային համակարգիչներին։
Դրանցից նորագույնը՝ EuroQCS-Spain-ը, գործարկվել է 2026 թվականին։ Համակարգը հնարավորություն է տալիս մեկ ենթակառուցվածքի շրջանակում համատեղելու դասական գերհամակարգչային, արհեստական բանականության և քվանտային հաշվարկները։
Կողմերը քննարկել են նաև հաջորդ սերնդի MareNostrum 6 գերհամակարգչի զարգացման ծրագրերը, այդ թվում՝ եվրոպական նախագծման կիսահաղորդչային չիպերի կիրառման և տեխնոլոգիական ինքնավարության զարգացման ուղղությունները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կենտրոնի՝ հաշվարկային ենթակառուցվածքների շուրջ գիտահետազոտական, կրթական և նորարարական էկոհամակարգ ձևավորելու փորձին։ Քննարկվել են Հայաստանի հետ փորձագիտական փոխանակման, համատեղ կիրառական գիտահետազոտական և վերապատրաստման նախաձեռնությունների հնարավորությունները, որոնք դրական արձագանք են ստացել կենտրոնի ներկայացուցիչների կողմից։
Ուսումնասիրվել է նաև BSC AI Factory նախաձեռնության գործունեությունը, որի մոտեցումները հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանում իրականացվող AI Virtual Institute և «Garden of AI Factories» նախաձեռնությունների զարգացման տեսանկյունից։
Computer Vision Center (CVC) գիտահետազոտական կենտրոնում կայացած հանդիպմանը քննարկվել են համակարգչային տեսողության, կիրառական արհեստական բանականության, տեխնոլոգիաների փոխանցման, մտավոր սեփականության պաշտպանման և գիտական արդյունքների առևտրայնացման ուղղությունները։
Բացի այդ, հայկական պատվիրակությունը մասնակցել է Barcelona New Economy Week (BNEW) միջազգային միջոցառմանը, իսկ Tech Barcelona-ի և Իսպանիայի տնտեսական ու ներդրումային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նորարարական էկոհամակարգերի զարգացմանը, տեխնոլոգիական համագործակցության և իսպանական ներդրումների ներգրավման հնարավորություններին։
Իսպանական գործընկերները հրավիրվել են մասնակցելու նոյեմբերին Հայաստանում կայանալիք «Սիլիկոնյան սարեր» (Silicon Mountains) և «ԴիջիԹեք» (DigiTec) տեխնոլոգիական միջոցառումներին։
Այցի ընթացքում ուսումնասիրված փորձը և հաստատված մասնագիտական կապերը հիմք կարող են հանդիսանալ Հայաստանի ԱԲ ենթակառուցվածքների զարգացման, գիտահետազոտական համագործակցության ընդլայնման և միջազգային տեխնոլոգիական գործընկերությունների խորացման համար։