USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Կենսաթոշակառուների՝ ՀՀ-ում գտնվելու փաստի ստուգումը հնարավոր է՝ թվայնացվի. քննարկվում է բանկ այցելելու պահանջը հանելու հարցը

24.09.2026, 22:53
Կառավարության նիստում քննարկվել է կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիների՝ երկրում գտնվելը տարեկան մեկ անգամ ստուգելու գործընթացը թվայնացնելու հնարավորությունը
Կենսաթոշակառուների՝ ՀՀ-ում գտնվելու փաստի ստուգումը հնարավոր է՝ թվայնացվի. քննարկվում է բանկ այցելելու պահանջը հանելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Կառավարության նիստում քննարկվել է կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիների՝ երկրում գտնվելը տարեկան մեկ անգամ ստուգելու գործընթացը թվայնացնելու հնարավորությունը։

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ներկայում պետությունը ստիպված է տարեկան մեկ անգամ ստուգել շահառուների՝ երկրում գտնվելու հանգամանքը, սակայն դա իրականացվում է քաղաքացիների համար ոչ այնքան հարմար եղանակով` խնդրելով նրանց տարեկան մեկ անգամ այցելել բանկ։

«Առաջարկում եմ մի համապարփակ լուծում տալ, որպեսզի մենք կարողանանք թվային եղանակով պարզապես այդ ինֆորմացիան կարդալ տեքստից կամ մեկ այլ շտեմարանից», - ասաց Թորոսյանը կառավարության նիստում։

Նա նշեց, որ խնդիրը հատկապես կարևոր է այն քաղաքացիների համար, որոնք չեն կարողանում ներկայանալ բանկ։ Այդ դեպքում, ըստ նախարարի, անհրաժեշտ է մտածել այլ մեխանիզմների մասին, օրինակ՝ ներկայացուցիչների կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ։

Թորոսյանի խոսքով՝ առանձին խնդիր է մի քանի քաղաքացիություն ունեցող քաղաքացիների պարագայում։

«Նրանք հաճախ հատում են սահմանը ոչ ՀՀ քաղաքացու անձնագրով, և մենք այլ տարբերակ պարզապես չենք ունենում նույնականացնելու։ Եթե կարողանանք սա մեկընդմիշտ լուծել, մեծ բեռ կթեթևացնենք և՛ վարչարարության տեսանկյունից, և՛ քաղաքացիների ուսերից», - ասաց նախարարը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին նշեց, որ խնդրի լուծման հնարավոր ուղղություններից մեկը կարող է լինել ռեզիդենտության հարցի կարգավորումը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնեց, որ այս ուղղությամբ ԱԱԾ գործընկերների հետ աշխատանք է իրականացվում, որպեսզի համապատասխան համակարգն արդիականացվի։

«Առաջիկայում կառավարություն կներկայացնենք նաև «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների կտորը, որտեղ ևս քաղաքացիության շնորհման գործընթացում ռեզիդենտության կտորը կարևոր կլինի», - ասաց Սարգսյանը։