USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+31

UCom-ն ու Netsys-ը հայտարարել են միավորման մասին, գործարքի պայմանները չեն հրապարակվում

07.09.2011, 00:36
Հայկական երկու ինտերնետ-ընկերությունները՝ UCom-ն ու Netsys-ը երեքշաբթի հայտարարել են միավորման մասին՝ չհրապարակելով գործարքի մանրամասները:
UCom-ն ու Netsys-ը հայտարարել են միավորման մասին, գործարքի պայմանները չեն հրապարակվում

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական երկու ինտերնետ-ընկերությունները՝ UCom-ն ու Netsys-ը երեքշաբթի հայտարարել են միավորման մասին՝ չհրապարակելով գործարքի մանրամասները:

«Մենք փոխադարձ որոշում ենք ընդունել միավորել երկու ընկերությունները UCom-ի կազմում և համատեղ տեխնիկական բազայի հիման վրա կառուցել նոր ընդլայնված ծառայություններ՝ մեր ընդհանուր հնարավորությունների կիրառմամբ», - «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց UCom-ի տնօրեն Հայկ Եսայանը:

Նրա խոսքերով՝ միավորման արդյունքում կգործի գերժամանակակից ցանց և համապատասխան տեխնիկական բազա, որը թույլ կտա տրամադրել բազմաթիվ հոսթինգային ծառայություններ և սպասարկել կորպորատիվ հաճախորդների:

Եսայանը նաև նշեց, որ Netsys-ի մոտ Երևանում բավականին զարգացած Wi-Max ցանցի առկայությունը թույլ կտա բացի օպտիկամանրաթելային կապից կորպորատիվ հաճախորդներին տրամադրել նաև երկրորդ ալիք՝ Wi-Max տեխնոլոգիաների հիման վրա՝ ապահովելով անխափան կապ: Բացի այդ, ցանցերի տեխնիկական համադրումը թույլ կտա ավելացնել թողունակությունն ու այս ամենի արդյունքում ավելացնել ցանցում տվյալների փոխանցման արագությունը, ինչպես նաև նվազեցնել ծառայության սակագները:

«Երկու ընկերությունները դեռևս ավտոնոմ ռեժիմով են աշխատելու, զուգահեռաբար վեց ամսվա ընթացքում տեխնիկական բազայի միավորման աշխատանքներ են ընթանալու: Այնուհետև կներակայցվեն միավորման մնացած ասպեկտները, այդ թվում նաև ֆինանսականը», - ասաց Եսայանը:

Netsys ընկերության ղեկավար Գևորգ Գևորգյանն իր հերթին նշեց, որ ընկերության միավորումը մեծամասամբ ենթադրում է ընկերությունների տեխնիկական հնարավորությունների միավորում՝ ծառայությունների զարգացման նպատակով:

«UCom-ն ունի անհրաժեշտ տեխնիկական ունակությունների ապահովման և տեխնիկական բնութագիրների ժամանակակից և լայն տեխնիկական հնարավորություններ, ինչի արդյունքում բաժանորդները կստանան ավելի բարձրորակ ծառայություններ», - ասաց նա:
UCom-ի բաժանորդների բազան ներառում է 10 հազար ֆիզիկական հաճախորդ և 1200 կորպորատիվ հաճախորդ, իսկ Netsys-ինը՝ 2,5-3 հազար կորպորատիվ հաճախորդ:

Ucom ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և իրենից ներկայացնում է հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող կազմակերպություն: Համագործակցելով շվեդական Ericsson ընկերության հետ` Ucom ՍՊԸ-ն կառուցել է լայնաշերտ հասանելիության ցանց` հիմնված FTTH (fiber to the home – օպտիկական մալուխ մինչև բնակարան) տեխնոլոգիայի վրա, որը տրամադրում է գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսություն և քաղաքային ֆիքսված հեռախոսակապ:

Netsys ընկերությունը հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն է, որը Հայաստանի տարածքում Ինտերնետ ծառայությունների ամբողջական փաթեթ է առաջարկում, այդ թվում նաև Dialup (հեռախոսալարի միջոցով) կամ արագընթաց DSL, WiMAX ինտերնետային կապ, Էլ. փոստի ծառայություններ, ինչպես նաև հյուրընկալման (Hosting) ընդգրկուն ծառայություններ, Դոմեն անունների գրանցմում՝ վիրտուալ WEB և MAIL սերվերների կազմակերպումով:-0-