Silicon Mountains 2026–ը՝ նոր ձևաչափով․ գագաթնաժողով, տեխնոլոգիական ցուցահանդես և Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Silicon Mountains 2026 Summit & Expo տեխնոլոգիական միջոցառումը կանցկացվի նոյեմբերի 3–4–ը Երևանում։ Այս մասին հայտնում է Հայաստանի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը։
Այս տարի Silicon Mountains 2026-ը հանդես կգա նոր՝ ընդլայնված ձևաչափով․ առաջին անգամ ավանդական գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի նաև լայնածավալ տեխնոլոգիական ցուցահանդես:
Երկօրյա միջոցառումը մեկ հարթակում կհամախմբի հայկական և միջազգային տեխնոլոգիական ընկերություններին, հեռանկարային ստարտափներին, գիտահետազոտական կենտրոններին, ներդրողներին և ոլորտի առաջատար մասնագետներին՝ Երևանը վերածելով տարածաշրջանի տեխնոլոգիական, ինժեներական և բիզնես հանգույցի։
Invest in Innovation գագաթնաժողով
Նոյեմբերի 3-ին կկայանա «Invest in Innovation» խորագրով Silicon Mountains 2026 գագաթնաժողովը, որը կմիավորի համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին՝ քննարկելու նորարարությունների ֆինանսավորման, կիսահաղորդիչների, ճարտարագիտական լուծումների և ներդրումային էկոհամակարգերի զարգացման հեռանկարները։
Գագաթնաժողովի գլխավոր խոսնակը կլինի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2026 թվականի պետական մրցանակի դափնեկիրը, իսկ բեմում հանդես կգան շուրջ 10 միջազգային հեղինակավոր փորձագետներ, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ և գիտնականներ։
Նույն օրը տեղի կունենա նաև Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը՝ համախմբելով ավելի քան 13 երկրների լավագույն մասնակիցներին և ընդգծելով միկրոէլեկտրոնիկայի ոլորտում նոր սերնդի տաղանդների ներուժը։
Ցուցահանդես և Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում
Նոյեմբերի 4-ին՝ ցուցահանդեսին զուգահեռ, կմեկնարկի Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը, որի օրակարգում կլինեն չիպերի նախագծումը, հետազոտություններն ու մշակումները, տաղանդների զարգացումը և միջազգային համագործակցությունը։ Ֆորումը հարթակ կստեղծի մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և նոր գործընկերությունների ձևավորման համար։
Silicon Mountains-ի մասին
Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը կազմակերպվում է ՏՀՏԳՄ-ի կողմից 2019 թվականից և հանդիսանում է Հայաստանի տեխնոլոգիական օրակարգը ձևավորող հեղինակավոր հարթակներից մեկը։ Իր գոյության ընթացքում նախաձեռնությունը հյուրընկալել է ավելի քան 10,000 մասնակցի և 100-ից ավելի համաշխարհային մակարդակի խոսնակների, որոնց թվում են՝ Վինսենթ Ռոշը (Analog Devices), Շանթանու Նարայենը (Adobe), Նարայանա Մուրթին (Infosys), Նուբար Աֆեյանը (Flagship Pioneering) և այլք:
Ծրագիրն ակտիվորեն ընդլայնում է իր աշխարհագրությունը՝ 2024-2025թթ. անցկացվելով Շիրակի և Լոռու մարզերում, իսկ 2026 թվականի հունիսին RISE Powered by Silicon Mountains ձևաչափով հաջողությամբ մեկտեղելով գիտության, ճարտարագիտության, կիբեռանվտանգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտի հայկական ներուժը:
ՏՀՏ գործատուների միության մասին