Firebird–ը նախատեսում է 2027թ․–ին ՀՀ–ում ԱԲ–ենթակառուցվածքն ավելացնել մինչև ավելի քան 70 հազար GPU․ The AI Insider
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Firebird-ը, Հրազդանում ԱԲ – գործարանի գործարկումից հետո ներկայացված թարմացված պլանի համաձայն, մտադիր է մինչև 2027 թվականի վերջը հայկական ենթակառուցվածքն ավելացնել մինչև NVIDIA Blackwell և Rubin-ի ավելի քան 70 հազար գրաֆիկական պրոցեսորներ և 300 ՄՎտ հզորություն: Այս մասին գրում է The AI Insider մասնագիտացված հրատարակությունը:
Հրազդանում ԱԲ–գործարանը կառուցված է NVIDIA DSX AI Factory ռեֆերենսային ճարտարապետության և NVIDIA Spectrum-X Ethernet ցանցային տեխնոլոգիայի օգտագործմամբ:
Ինչպես նշում է հրատարակությունը, նախագիծը ենթադրում է Հայաստանում Firebird-ի ենթակառուցվածքի փուլային ընդլայնում և NVIDIA-ի հաշվարկային հարթակների նոր սերունդների օգտագործում:
NVIDIA-ն նույնպես մտադիր է ներդրումներ կատարել Firebird-ում 2026 թվականին ավելի վաղ CoreWeave-ի կողմից իրականացված ներդրումներից հետո: NVIDIA-ի ենթադրյալ ներդրումների չափն ու պայմանները հրապարակայնորեն չեն բացահայտվել:
Հայկական օբյեկտի ենթակառուցվածքի ստեղծմանը մասնակցում են մի քանի խոշոր տեխնոլոգիական ընկերություններ: Dell Technologies-ը մատակարարում է սերվերային սարքավորումներ, Schneider Electric-ը՝ էներգետիկ ենթակառուցվածք, Vertiv-ը՝ հովացման լուծումներ:
Միաժամանակ Firebird-ը զարգացնում է ենթակառուցվածքը Հայաստանի սահմաններից դուրս: Ընկերության հաջորդ շուկան դարձավ Ղազախստանը, որտեղ նա հայտարարում է ԱԲ-ենթակառուցվածքի զարգացման համար 125 ՄՎտ ապահովված հզորության մասին:
Ընդհանուր առմամբ Firebird-ն ակնկալում է մինչև 2028 թվականի վերջը իր ԱԲ-ենթակառուցվածքի գլոբալ հզորությունը հասցնել շուրջ 2 ԳՎտ-ի՝ ընդլայնելով ներկայությունը զարգացող շուկաներում:
NVIDIA-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը, ում խոսքերը մեջբերում է The AI Insider-ը, հայտարարել է, որ ԱԲ–գործարանները դառնում են այն ենթակառուցվածքը, որն անհրաժեշտ է երկրներին սեփական ԱԲ-լուծումներ ստեղծելու, տնտեսական աճի և նոր տեխնոլոգիական միջավայրում մրցունակության համար:
Նրա խոսքով՝ Հայաստանում և Ղազախստանում Firebird-ի հետ համատեղ ստեղծվող ենթակառուցվածքը պետք է հետազոտողներին, ստարտափներին և ընկերություններին տրամադրի հաշվարկային հիմք՝ իրենց երկրների ներսում արհեստական բանականությունը զարգացնելու, միջազգային նորարարական ընկերություններ ներգրավելու և գլոբալ ԱԲ-տնտեսությանը մասնակցելու համար:
Firebird-ի տվյալներով՝ Perplexity-ն կդառնա հայկական ԱԲ – գործարանի առաջին հաճախորդներից մեկը: Ընկերությունն ակնկալում է օգտագործել Firebird-ի բարձր արտադրողականությամբ ենթակառուցվածքն իր ԱԲ-ծառայությունների համար: Առևտրային համաձայնագրի հանրային պարամետրերը չեն բացահայտվել:
The AI Insider-ը նաև հիշեցնում է, որ Firebird-ը նախկինում ստացել էր ամերիկյան արտահանման թույլտվություններ Հայաստան լրացուցիչ 41 հազար NVIDIA GB300 GPU մատակարարելու համար: Նախագծի հետագա ընդլայնման մեջ ներդրումների հայտարարված ծավալը կազմում է շուրջ 4 մլրդ դոլար:
Այսպիսով, հայկական հարթակը Firebird-ի կողմից դիտարկվում է ոչ միայն որպես առանձին ԱԲ – գործարան, այլև որպես ընկերության ավելի լայն միջազգային ենթակառուցվածքային ռազմավարության մաս: