USD
365.88
EUR
422.81
RUB
4.4354
GEL
139.71
2026 թ. օգոստոսի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

TECHi․ Firebird–ը Հայաստանում գործարկել է ԱԲ – գործարան, սակայն 300 ՄՎտ-ն դեռևս պլաններում է

Այսօր, 18:11
Հրազդանում Firebird ԱԲ– գործարանի գործարկումը նշանակում է, որ Հայաստանում հայտնվում է NVIDIA Blackwell-ի հիման վրա գործող հաշվարկային ենթակառուցվածք, սակայն ընկերության հայտարարած պլանները՝ մինչև 2027 թվականի վերջը նախագծի հզորությունը հասցնել 300 ՄՎտ-ի և ավելի քան 70 հազար GPU-ի, դեռևս մնում են ճանապարհային քարտեզ
TECHi․ Firebird–ը Հայաստանում գործարկել է ԱԲ – գործարան, սակայն 300 ՄՎտ-ն դեռևս պլաններում է

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հրազդանում Firebird ԱԲ– գործարանի գործարկումը նշանակում է, որ Հայաստանում հայտնվում է NVIDIA Blackwell-ի հիման վրա գործող հաշվարկային ենթակառուցվածք, սակայն ընկերության հայտարարած պլանները՝ մինչև 2027 թվականի վերջը նախագծի հզորությունը հասցնել 300 ՄՎտ-ի և ավելի քան 70 հազար GPU-ի, դեռևս մնում են ճանապարհային քարտեզ:

Դրանց իրականացումը կախված կլինի էլեկտրաէներգիայի հասանելիությունից, ֆինանսավորումից, սարքավորումների մատակարարումից և առևտրային պահանջարկից, գրում է TECHi տեխնոլոգիական հրատարակությունը:

Հրատարակությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ օբյեկտի բացման մասին հրապարակված նյութերը չեն պարունակում ամփոփ տվյալներ GPU-ների քանակի մասին, որոնք փաստացի հանձնվել են կոմերցիոն շահագործման գործարկման պահին, միացված IT-հզորության ծավալի և հաճախորդների կողմից ենթակառուցվածքի ընթացիկ ծանրաբեռնվածության մասին:

Firebird-ի կայքում Հրազդանի առաջին DC-1 հարթակը ներկայացված է որպես 15 ՄՎտ հզորությամբ 6144 NVIDIA B200 GPU-ով ենթակառուցվածք: Ընդ որում, նախագծի առաջին փուլի վերաբերյալ հունիսին հրապարակված պաշտոնական նյութերում անդրադարձ էր կատարվում ավելի քան 6 հազար GPU–ին և 18 ՄՎտ հզորությանը։

TECHi-ն նշում է, որ 15 և 18 ՄՎտ ցուցանիշների միջև եղած տարբերության վերաբերյալ հանրային պարզաբանում դեռևս չկա: Հրատարակության կարծիքով՝ խոսքը կարող է վերաբերել օբյեկտի հզորության տարբեր բնութագրերին, օրինակ՝ IT-ծանրաբեռնվածությանը, ընդհանուր էներգասպառմանը կամ պահուստավորված հզորությանը, սակայն Firebird-ը հրապարակայնորեն չի հստակեցրել այդ ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը:

TECHi-ի վերլուծության առանձին բլոկը նվիրված է նախագծի ֆինանսավորմանը: Հայկական վեց ֆինանսական կազմակերպություններ տրամադրել են 300 մլն դոլարի սինդիկացված ֆինանսավորում: Բացի այդ, Հայաստանի իշխանությունները կնքել են հինգ տարվա համաձայնագիր՝ Firebird-ից 25 մլն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսներ ձեռք բերելու վերաբերյալ:

TECHi-ն պետական պայմանագիրը դիտարկում է որպես գործոն, որը մասնակիորեն նվազեցնում է պահանջարկի ռիսկերն օբյեկտի աշխատանքի սկզբնական փուլում: Սակայն, հրատարակության գնահատմամբ, նախագծի հետագա տնտեսությունը կախված կլինի առաջին հերթին հզորությունների կոմերցիոն ծանրաբեռնվածությունից, էլեկտրաէներգիայի արժեքից և այն գնից, որով Firebird-ը կկարողանա վաճառել հաշվարկային ռեսուրսները:

TECHi-ն Առանձնահատուկ ուշադրություն է դարձնում էներգետիկ բաղադրիչին: Ներկայիս առաջին հարթակից հայտարարված 300 ՄՎտ-ին անցումը կպահանջի հասանելի էներգետիկ ռեսուրսների էական ավելացում:

Հրատարակությունը նաև հիշեցնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, ով հունիսին հայտնել էր, որ երկիրն այլևս չունի էլեկտրաէներգիայի այն ավելցուկը (պրոֆիցիտը), որը գոյություն ուներ նախկինում, և հայտարարել էր Firebird նախագծի ներդրումային ներուժի իրացման համար նոր էներգետիկ հզորությունների ստեղծման անհրաժեշտության մասին:

Եվս մեկ հարց է առևտրային պահանջարկը: Firebird-ը Perplexity-ն անվանում է հայկական ԱԲ–գործարանի առաջին հաճախորդներից մեկը: Ընդ որում, հրապարակայնորեն չեն բացահայտվել պայմանագրի արժեքը, պահուստավորված հաշվարկային ռեսուրսների ծավալը, համաձայնագրի ժամկետները և այդ հաճախորդի առաջադրանքներով հարթակի փաստացի ծանրաբեռնվածությունը:

TECHi-ի կարծիքով՝ Firebird-ի հետագա զարգացումը գնահատելու համար առանձնահատուկ նշանակություն կունենան փաստացի շահագործման հանձնված GPU-ների քանակը, իրապես միացված IT-հզորությունը և հաճախորդների կողմից արդեն պայմանագրով ամրագրված հաշվարկային ռեսուրսների ծավալը:

Այսպիսով, նշում է հրատարակությունը, ԱԲ – գործարանի գործարկումը դարձավ նշանակալի ենթակառուցվածքային իրադարձություն Հայաստանի համար, սակայն նախագծի հետագա մասշտաբավորումը կախված կլինի նրանից, թե որքանով հայտարարված հզորությունները կհաջողվի ապահովել էներգետիկ առումով և ծանրաբեռնել առևտրային պահանջարկով: