ՀՀ–ում բջջային և ինտերնետ կապի օպերատորները 2024թ․–ին պետբյուջե են վճարել 38,1մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բջջային և ինտերնետ կապի խոշոր օպերատորները 2024 թվականի հունվար-դեկտեմբերին պետական բյուջե են վճարել 38,1 մլրդ դրամ։ Այս մասին են վկայում Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած՝ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակի տվյալները։
Չորս օպերատորների՝ Viva Armenia-ի, Team Telecom Armenia-ի, Ucom-ի և GNC-Alfa-ի (ապրանքանիշը` Ռոստելեկոմ) վճարած բոլոր հարկերի կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքագրված միջոցները կազմել են 37,7 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմիններինը՝ 367,9 մլն դրամ։
Հեռահաղորդակցության օպերատորներից ամենաբարձր դիրքը 2024 թվականի վերջին զբաղեցրել է Viva Armenia-ն (14-րդ տեղ), նրա վճարները կազմել են 18,2 մլրդ դրամ։ Ucom-ը 26-րդ տեղում է՝ պետբյուջե վճարած 9,5 մլրդ դրամով, Telecom Armenia-ն հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 9,2 մլրդ դրամ (27-րդ տեղ)։ Միաժամանակ GNC-ALFA-ն (Ռոստելեկոմ) պետբյուջե է փոխանցել 1,2 մլրդ դրամ (270-րդ տեղ)։
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2024 թվականի հունվար-դեկտեմբերին հանրապետության պետական բյուջե են փոխանցել 1,77 տրլն դրամի հարկեր և մաքսային վճարներ։ Ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (վճարված հարկերը՝ 101,97 մլրդ դրամ), երկրորդ տեղում է Mobile Center Art–ը (66,73 մլրդ դրամ), եռյակը եզրափակում է Grand Tobacco–ն (63,55 մլրդ դրամ)։