Ջրբաշյան․ ՀՀ–ի կողմից IMEI համակարգի կարգավորման մոդելի ընտրությունը պետք է ունենա հիմնավորված տնտեսական, իրավական և ինստիտուցիոնալ բացատրություն
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի․/ԱՌԿԱ/․ IMEI համակարգի կարգավորման հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը, կարծում է «Ամերիա» կառավարման խորհրդատվության ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։
«ՀՀ կառավարությունը ներկայացրել է բջջային սարքերի IMEI համարների գրանցման և վերահսկման միասնական պետական համակարգ ստեղծելու մասին օրինագիծը։
Սկզբից ցանկանում եմ հստակ նշել․ պետությունն, անկասկած, իրավունք ունի պայքարելու մաքսանենգ ներմուծման, ստվերային շրջանառության, հարկային կորուստների և կեղծ IMEI-ների դեմ։ Սակայն հիմնական հարցը բոլորովին այլ է» – գրոմ է նա իր Facebook–յան էջում։
Նշելով, որ այսօր աշխարհում նույն նպատակներին հասնելու տարբեր կարգավորող մոդելներ են կիրառվում՝ փորձագետը պարզաբանում է, որ Եվրոպական միության երկրների ճնշող մեծամասնությունում նման խնդիրները լուծվում են մաքսային վերահսկողության, GSMA միջազգային համակարգի, բջջային օպերատորների և իրավապահ մարմինների համագործակցության, ինչպես նաև IMEI-ի կեղծման համար քրեական պատասխանատվության միջոցով։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր բջջային սարքի պարտադիր պետական գրանցումը Եվրոպական միությունում գերակշռող մոտեցում չէ։
«Մյուս կողմից, ԵԱՏՄ անդամ երկրներում վերջին տարիներին ձևավորվել է կարգավորման այլ մոտեցում։ Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ռուսաստանը արդեն ներդրել կամ ներդնում են IMEI-ների պետական հաշվառման համակարգեր, որոնք ներառում են պետական ռեգիստրներ, օպերատորների հետ տվյալների փոխանակում և չգրանցված սարքերի աշխատանքի սահմանափակման հնարավորություն», – նշում է Ջրբաշյանը։
Պարզաբանելով, որ ներկայացված հայկական օրինագիծն իր կարգավորման ճարտարապետությամբ ակնհայտորեն ավելի մոտ է հենց այս մոտեցմանը՝ նա նշել է, որ իրեն չի հաջողվել գտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որևէ պարտադիր որոշում, որը ԵԱՏՄ անդամ պետություններին կպարտադրեր ներդնել նման համակարգ։
«Սա նշանակում է, որ խոսքը ոչ թե ԵԱՏՄ իրավական պարտավորության, այլ Հայաստանի կողմից ընտրված ազգային կարգավորման մոդելի մասին է», – կարծում է նա։
Այս կապակցությամբ Ջրբաշյանը նշում է, որ որքան ավելի խորն է պետության միջամտությունը շուկային, թվային ենթակառուցվածքներին և քաղաքացիների իրավունքներին, այնքան ավելի բարձր պետք է լինեն վերլուծության որակի, հանրային քննարկման թափանցիկության և ընդունվող որոշումների հիմնավորվածության պահանջները։
Հետևաբար տրամաբանական է ստանալ հետևյալ հարցերի պատասխանները.
• Արդյո՞ք իրականացվել է լիարժեք Կարգավորման ազդեցության գնահատում (Regulatory Impact Assessment – RIA)։
• Դիտարկվե՞լ են կարգավորման այլընտրանքային մոդելները, այդ թվում՝ եվրոպական փորձը։
• Ինչո՞ւ են մերժվել ավելի քիչ սահմանափակող կարգավորման գործիքները։
• Ի՞նչ հաշվարկներով է հիմնավորվում, որ ընտրված մոդելն ամենաարդյունավետն ու համաչափն է Հայաստանի պայմաններում։
«Եվ վերջապես՝ ամենակարևոր հարցը. եթե Հայաստանը գիտակցաբար ընտրում է կարգավորման այնպիսի մոդել, որն իր կառուցվածքով շատ ավելի մոտ է ԵԱՏՄ անդամ երկրներում ձևավորված կարգավորման մոտեցմանը, քան Եվրոպական միության երկրների ճնշող մեծամասնության կիրառած մոդելին, ապա ինչո՞վ է պայմանավորված այդ ընտրությունը և ի՞նչ օբյեկտիվ առավելություններ է այն ապահովում Հայաստանի համար», – գրում է նա՝ ավելացնելով, որ այդ ընտրությունը պետք է ունենա առավելագույնս հիմնավորված տնտեսական, իրավական և ինստիտուցիոնալ բացատրություն։
Ջրբաշյանը նաև կարծում է, որ եթե նման համեմատական վերլուծություն և Կարգավորման ազդեցության գնահատում (Regulatory Impact Assessment – RIA) իրականացվել են, ապա նպատակահարմար կլինի դրանք հրապարակել հանրային քննարկման համար։ Թափանցիկությունն ու հիմնավորվածությունը ժամանակակից պետական կառավարման կարևորագույն սկզբունքներից են։
Օրինագծի մասին
Հայաստանի կառավարության կողմից հունիսի 26-ին ընդունված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը նախատեսում է բջջային օպերատորների կողմից IMEI կոդերի պարտադիր ստուգում կապի ծառայություններ մատուցելիս։
Համաձայն նախագծի՝ քաղաքացին, ով Հայաստան է ներմուծում 2025-2026 թթ. արտադրության բջջային հեռախոս, պետք է գրանցի սարքը՝ վճարելով պետական տուրք 3 հազար դրամի չափով։ Ավելի հին հեռախոսների գրանցումը կիրականացվի անվճար։
Ընդ որում, մեկ տարվա ընթացքում լրացուցիչ հեռախոսներ ներմուծելու համար նախատեսվում է բարձրացված տուրք՝ 100 հազար դրամ 2026 թվականի արտադրության սարքի համար և 20 հազար դրամ՝ 2025 թվականին արտադրված հեռախոսի համար։