USD
368.12
EUR
419.84
RUB
4.7383
GEL
139.18
2026 թ. հունիսի 26, ուրբաթ
եղանակը
Երևանում
+28

Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. փորձագետը` հեռախոսներում IMEI կոդերի միասնական շտեմարանի ներդրման մասին

Այսօր, 14:09
Այսպես է մեկնաբանել CyberHUB-AM-ի համահիմնադիր և տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում կառավարության կողմից հաստատված փոփոխությունները, որով նախատեսվում է բջջային հեռախոսներում ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան
Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. փորձագետը` հեռախոսներում IMEI կոդերի միասնական շտեմարանի ներդրման մասին

ԵՐԵՎԱՆ, հունիսի 26. /ԱՌԿԱ/. Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. այսպես է մեկնաբանել CyberHUB-AM-ի համահիմնադիր և տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում կառավարության կողմից հաստատված փոփոխությունները, որով նախատեսվում է բջջային հեռախոսներում ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։

«Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։ Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու անմեղ՝ «պայքար ստվերի դեմ», «հեռախոսների գողության կանխում»։ Բայց եկեք տեսնենք ինչ է նախատեսվում իրականում», - գրել է Պապյանը Facebook-յան իր էջում։

Նրա խոսքով` տեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են քաղաքցիների անձնագիրն ու անձնական տվյալները, նրանց հեռախոսի կոդը (IMEI) և բոլոր SIM/eSIM քարտերը։

«Սա պարզապես հարկային գործիք չէ. սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում», - նշել է փորձագետը։

Ավելին, ըստ Պապյանի, եթե ամեն րոպե 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալ պարունակող այդ բազան խափանվի, օպերատորները ստիպված են լինելու անջատել կապը։

«Իսկ մենք գիտենք, թե ինչպես են աշխատում պետական բազաները, օրինակ՝ առաջին դասարանցիների գրանցման բազան, որը այս շաբաթ ընդամենը մի 20,000 ծնողի պիտի միաժամանակ սպասարկեր, բայց ուղղակի չէր աշխատում», - ընդգծել է նա։

Փորձագետը նշեց, որ նախագծում կա վտանգավոր մի կետ՝ ադմինիստրատորը կարող է այս բազայի տվյալներով «թվային այլ ծառայություններ» մատուցել պետական ու տեղական մարմիններին կամ նույնիսկ մասնավոր ընկերություններին։ Այսինքն՝ տվյալները, որոնք հավաքվում են իբր «մաքսանենգության դեմ պայքարի» համար, վաղը կարող են օգտագործվել բոլորովին այլ՝ մեզ անհայտ նպատակներով։

«Մեկ տեղում ամբողջ հանրապետության հեռախոսների ու քաղաքացիների տվյալների կենտրոնացումը երազանք է ցանկացած կիբեռհանցագործի համար։ Եթե այս բազան կոտրվի (իսկ անխոցելի համակարգեր չկան), յուրաքանչյուրիս անվտանգությունը կդրվի հարվածի տակ։

Իսկ հիմա ամենակարևորը. նախագծի հեղինակները պնդում են, որ սա կօգնի գողությունների դեմ։ Եկեք անկեղծ լինենք.

Ձեզնից քանիսի՞ կամ ձեր ընկերների հետ է պատահել այսպիսի դեպք․ գողացել են հեռախոսը, դուք տուփով, IMEI կոդով դիմել եք ոստիկանություն, բայց այդպես էլ ոչ մի օգնություն չեք ստացել։ Մինչդեռ սիրտս վկայում է՝ եթե խոսքը ցուցարարների կամ քննադատ լրագրողների մասին լինի, հինգ րոպեից IMEI-ով տեղը կհայտնաբերեն ու մասկի֊շոու կանեն», - գրել է փորձագետը։

Պապյանի գրառման մեկնաբանություններում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար ՄԽիթար Հայրապետյանը նշել է, որ եթե dpHub, CyberHub թիմերը նպատակահարմար համարեն, ինքը կարող է խնդրել Բաբկեն Թունյանին ( ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ – խմբ.)՝ հաջորդ շաբաթ ԱԺ-ում՝ իր գլխավորած հանձնաժողովում, աշխատանքային քննարկում նախաձեռնի վերոնշյալ թեմայով։

«Եթե առաջարկս ընդունելի է, նպատակահարմար կլինի նաև հրավիրել ՀՏՀԳ հիմնադրամի և ՊԵԿ-ի գործընկերներին ևս, ես էլ բնականաբար կմասնակցեմ ԲՏԱՆ կողմից», - գրել է Հայարապետյանը։

Նախագծի մասին

Փաստաթղթով նախատեսվում է բջջային օպերատորների կողմից IMEI կոդերի ստուգում՝ կապի ծառայություններ մատուցելիս։

Բացի այդ, այն քաղաքացիներտ, որոնք Հայաստան են ներմուծում ընթացիկ կամ նախորդ տարում արտադրված բջջային հեռախոս, պետք է գրանցեն սարքը՝ վճարելով պետական տուրք՝ 3 հազար դրամի չափով։ Հին հեռախոսների գրանցումն իրականացվելու է անվճար։