«Յանդեքսը» իր ֆայլերի առցանց պահոցները համախմբել է մեկ ծառայությունում

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. «Յանդեքսը» միավորել է իր տվյալների ամպային պահոցները «Յանդեքս. Դիսկ» պահոցի օգտին` հրաժարվելով «Յանդեքս.Նառոդ»-ից, ասվում է ընկերության կայքի հաղորդագրության մեջ, հաղորդում է digit.ru–ն։
Ինտերնետ օգտատերերն արդեն վաղուց կարող էին օգտագործել «Յանդեքս. Նառոդ»-ը իրենց ֆայլերը պահպանելու համար։ Սակայն 2012թ.–ի ապրիլի սկզբին ընկերությունը տվյալների ամպային պահոցներ գործարկեց, որը կրկնօրինակեց «Յանդեքս. Նառոդ» ծառայության գործառույթը։
«Մենք որոշեցինք, որ ավելի լավ է դրանք (ֆայլեը պահպանելու համար նախատեսված գործիքները. խմբ) պահել մեկ տեղում։ «Դիսկ»-ում ֆայլերի հետ աշխատանքն ավելի հարմար է»,– հավաստում են «Յանդեքսի» ներկայացուցիչները։
Ինչպես նշում են ընկերությունից, «Յանդեքս. Նառոդ»-ում ներբեռնած բոլոր ֆայլերը նախկինի նման հասանելի կլինեն, և օգտատերերը կկարողանան միմյանց ուղարկել դրանց հղումները։
«Յանդեքս. Դիսկ» ծառայությունը, որը գործարկվել է ապրիլի սկզբին, թույլ է տալիս ինտերնետում պահել ցանկացած ձևաչափի ֆայլեր, օրինակ` երաժշտություն, ֆիլմեր, լուսանկարներ, փաստաթղթեր, և դրանց հասանելիություն ստանալ տարբեր սարքերից։ Այն օգտատերերին առաջարկում է 10–ական գիգաբայթ ազատ տարածություն, որը հնարավոր է անվճար ավելացնել մինչև 20 գիգաբայթի։ Ըստ դեկտեմբերի տվյալների` օգտատերերն ամեն օր «Յանդեքս.Դիսկ»-ում ներբեռնել են 3,5 մլն ֆայլ։
Համանման ծառայություն ունի նաև ռուսական շուկայում «Յանդեքսի» գլխավոր մրցակից Google ընկերությունը (Google Drive ծառայություն)։Բացի այդ, օգտատերերը կարող են իրենց ֆայլերը պահել նաև կողմնակի ծառայություններում` ինչպես Dropbox–ը։–0–