ԱԱԳ–ն փորձել է կոտրել «Կասպերսկու լաբորիատորիաները»

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Էդվարդ Սնոուդենի գողացած փաստաթղթերի համաձայն` ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) և ՄԵծ Բրիտանիայի Կառավարական կապի կենտրոնը (ԿԿԿ) խոցելիություն են որոնել «Կասպերսկու լաբորատորիաների» հակավիրուսներում, հաղորդում է Lenta.ru–ն` հղում անելով Interсept կայքին։
Հակավիրուսները կոտրելու նպատակը եղել է հաճախորդների գաղտնի տեղեկատվությունը ստանալը։ Դրա համար ԱԱԳ–ն փորձել է լրտեսել տվյալները, որոնք «Կասպերսկու լաբորատորիաների» ծրագրային ապահովումն ուղարկել է ընկերության սերվերին։ Interсept–ը նշում է, որ մասամբ դա հաջողվել է։
Թույլ տեղերը բացահայտելու համար օգտագործվել է ծրագրային ապահովման, այսպես կոչված, հետադարձ մշակման տեխնոլոգիան։ Ամեն ինչից զատ, դա համարվում է հեղինակային իրավունքի խախտում։
Տեղեկատվական անվտանգության մասնագետների համաձայն` հակավիրուսային ծրագրային ապահովումը «իդեալական թիրախ» է պոտենցիալ հաքերների համար։ Այն լրտեսության համար մեծ հնարավորություններ է տալիս այլ ծրագրային ապահովումների համեմատ, քանի որ օպերացիոն համակարգը հակավիրուսներին մուտք է տալիս միջուկի և արմատային կատալոգների նկատմամբ։
«Կասպերսկու լաբորատորիաները» կիբերանվտանգության ռուսական ընկերություն է, ունի ավելի քան 270 հազար կորպորատիվ հաճախորդներ։ Անհատական օգտատերերի թիվը գերազանցում է 400 միլիոնը։ Հունիսի սկզբին նրա մասնագետները պատմել են խոշոր կիբերհարձակման մասին, որին ենթարկվել է ընկերության կորպորատիվ համակարգը 2015թ.–ի գարնանը։ Նրանց խոսքով` դատելով նախապատրաստության նպատակներից և մակարդակից` կիբերհարձակումը կարող էր ֆինանսավորվել պետական մակարդակով։
Ազգային անվտանգության գործակալության` փախուստի դիմած աշխատակից Էդվարդ Սնոուդենը գողացել և մամուլին է հանձնել ավելի քան 1 միլիոն գաղտնի ֆայլեր, որոնք բացահայտում են շարքային ամերիկյան քաղաքացիներին, ինչպես նաև քաղաքական գործիչներին ողջ աշխարհում ԱՄՆ հատուկ ծառայությունների լրտեսելու տեղեկատվությունը։ Մասամբ այդ տեղեկատվությունը հրապարակվել է The Washington Post ամերիկյան թերթում, բրիտանական The Guardian–ում և այլ ԶԼՄ–ներում և լայն հասարակական արձագանք ստացել։-0-