Google-ը Gmail-ում SMS-ով վավերացումը կփոխարինի QR կոդերով

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Google-ը աստիճանաբար կհրաժարվի SMS-կոդերից երկփուլային վավերացման համար Gmail-ում, և դա կփոխարինի QR-կոդերով: Սա պետք է նվազեցնի SMS-ի հետ կապված խարդախությունների թիվը և բարելավի հաշիվների պաշտպանությունը, գրում է lifehaker.ru-ն։
Ներկայումս SMS-կոդերը ոչ միայն օգնում են հաստատել օգտատիրոջ ինքնությունը, այլև կանխում են սպամի և վնասակար ֆայլերի տարածման համար կեղծ հաշիվների զանգվածային ստեղծումը։ Սակայն այս մեթոդը հեռու է կատարյալ լինելուց. խարդախները կարողանում են խաբեությամբ կոդը ստանալ հաշվի սեփականատիրոջից կամ որսալ հաղորդագրությունը։ Անվտանգությունը կախված է նաև բջջային օպերատորից և նրա պաշտպանությունից SIM-քարտերի կեղծման դեմ։
Բացի այդ, SMS-ից հրաժարվելը կօգնի Google-ին պայքարել այսպես կոչված «տրաֆիկային խարդախության» դեմ։ Այս սխեմայում խաբեբաները այնպես են անում, որ առցանց ծառայությունները զանգվածային SMS-ներ են ուղարկում իրենց վերահսկվող համարներին և յուրաքանչյուր ուղարկված հաղորդագրության դիմաց գումար են ստանում։
Նոր համակարգին անցնելուց հետո Gmail-ը կոդի փոխարեն օգտատիրոջը կուղարկի QR-կոդ, որը պարզապես պետք է սկանավորել սմարթֆոնի տեսախցիկով։ Սա ոչ միայն կհեշտացնի մուտքի գործընթացը, այլև կդարձնի այն ավելի անվտանգ, քանի որ խարդախները այլևս չեն կարողանա որսալ կամ խաբեությամբ ստանալ կոդը։