Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը հասանելի են դարձել էլեկտրոնային տարբերակով

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Այսօր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գործարկել է էլեկտրոնային հայտարարագրման նոր համակարգ, որը կապահովի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկատվության լիարժեք հասանելիությունը հասարակության համար: Այս մասին ասվում է հանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Էլեկտրոնային հայտարարագրման hամակարգը կապակցված է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նորաստեղծ կայքին (www.ethics.am), որն անմիջապես հրապարակում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի հրապարակման ենթակա տվյալները:
Կայքի հայտարարագրերի ռեեստրում հնարավոր է իրականացնել որոնում՝ ըստ հայտարարատուների տվյալների: Կայքը նաև պարունակում է ինտերակտիվ բաժիններ, որոնք տալիս են առցանց նամակներ գրելու, դրանց ընթացքին հետևելու, էլեկտրոնային հարցման միջոցով արագ տեղեկատվություն ստանալու հնարավորություն:
Կայքում տեղադրված առանձին պատուհանների միջոցով այցելուները կարող են ծանոթանալ գույքի և եկամուտների վերաբերյալ պաշտոնատար անձանց ներկայացրած վերջին հայտարարագրերին, ինչպես նաև տեղեկանալ նոր պաշտոն ստանձնած կամ պաշտոնը դադարեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին:
2011թ. մայիսին ՀՀ խորհրդարան ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքը, որը բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով էր ծրագրում ստեղծել Հայաստանում։ Օրենքը թույլ է տալիս հրապարակային դարձնել պաշտոնատար անձանց տվյալ խմբի գույքի և եկամուտների հայտարարագրերը—0--