Հայ փորձագետը Հայաստանի համար ռիսկեր է տեսնում «Տելեկոմ Արմենիա» – ի և «Ազերտելեկոմ» – ի միջև ստորագրված համաձայնագրում
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/ԱՌԿԱ/․ Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը մեկնաբանել է հայկական «Տելեկոմ Արմենիա» և ադրբեջանական «Ազերտելեկոմ» ընկերությունների միջև համագործակցության համաձայնագիրը՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ։
«Քանի դեռ մանրամասներ չկան, չեմ ցանկանում վերջնական եզրակացություններ անել, բայց առաջին հարցը, որ առաջանում է՝ որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ-թրաֆիկը և անհրաժեշտ պահին հակահայկական միջամտություն չի իրականացնելու»,- գրել է Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում։
Նա նաև հայտարարել է, որ Բաքուն Երևանի հետ իրավահավասար համագործակցության նպատակ չի հետապնդում։
«Ցանկացած գործողության հիմքում ընկած է Հայաստանի դեմ տոտալ պատերազմի տրամաբանությունը՝ առավելագույնս թուլացնել հայկական պետությունը և այն դարձնել կախյալ։ Ուստի այս լուրին լավատեսությամբ վերաբերվելը, մեղմ ասած, միամտություն է»,- համարում է թուրքագետը։