USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 22, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

ՀՀ նախագահը գլխավորում է ամենամեջբերվող քաղաքական գործիչների ցուցակը

10.03.2011, 20:01
Mediagid վարկածով՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գլխավորել է հայկական ԶԼՄ-ներում 2011 թվականի  փետրվարին քաղաքական գործիչների մեջբերման ինդեքսը:
ՀՀ նախագահը գլխավորում է ամենամեջբերվող քաղաքական գործիչների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի.  /ԱՌԿԱ/. Mediagid վարկածով՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գլխավորել է հայկական ԶԼՄ-ներում 2011 թվականի  փետրվարին քաղաքական գործիչների մեջբերման ինդեքսը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց www.mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։


«All Media» ընկերությունը 2010 թվականի նոյեմբերի 30-ից գործարկել է նոր ինտերնետ-նախագիծ՝ Հայաստանում www.mediagid.am լրատվական առաջին ագրեգատորը։
Հանրաճանաչության ցուցիչը ձևավորվում է ագրեգատորի կողմից գործընկեր կայքերից ստացված լրատվական այն հաղորդագրությունների ինդեքսավորման հիման վրա, որոնցում հիշատակվում են հայ քաղաքական գործիչների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, մարզիկների անունները, ինչպես նաև ընկերությունների անվանումները։


«Մեջբերման ինդեքսը ցույց տվեց, որ փետրվարին հայկական ԶԼՄ-ներում հիշատակումների թվով քաղաքական գործիչների թվում առավել ճանաչված է եղել նախագահ Սերժ Սարգսյանը, ով զբաղեցնում է վարկանիշի առաջին հորիզոնականը (399 հիշատակում) և վերջին երեք ամիսների ընթացքում պահպանում է առաջատարի դիրքը ամենամեջբերվող քաղաքական գործիչների շրջանում»,- ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ փետրվարի ընթացքում մեջբերվող քաղաքական գործիչների հնգյակում տեղ են գտել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով փոխարինել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին:


Ինչպես նշեց նախագծի ղեկավարը, ընկերություններից մեջբերման ինդեքսով առաջատար է Ամերիաբանկը (44 հիշատակում), իսկ փետրվարին առավել մեջբերվողների հնգյակում են VivaCell-MTS բջջային օպերատորը, NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան, «ԱրմենՏել» ՓԲԸ հեռահաղորդակցային ընկերությունը և Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունը (UITE)։
Ըստ Մարտիրոսյանի, փետրվարին հայկական լրատվամիջոցներում շոու բիզնեսի ներկայացուցիչներից առավել հաճախ հիշատակվել է երգիչ Անդրեն (84 հիշատակում)։ Նրան զուգընթաց շոու բիզնեսի առավել ճանաչված ներկայացուցիչների թվում են նաև երգիչ Մհերը, ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը, երգիչներ Արամեն և Արամոն։


Վիճակագրության համաձայն, փետրվարին առավել մեջբերվող մարզիկների թվում են շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը։
Փետրվարին Mediagid.am լրատվական ագրեգատորում դիտումների թվով առավել ճանաչված բաժինների թվում է «Քաղաքականություն» բաժինը, որի դիտումների թիվն ամսվա ընթացքում կազմել է գրեթե 72 հազար (39 հազար՝ հունվարին)։
 
Նույն հնգյակում են նաև «Սոցիում» բաժինը, որտեղ փետրվարին արձանագրվել է 49 հազար դիտում (մոտ 25,8 հազար՝ հունվարին), «Տնտեսություն և բիզնես»՝ մոտ 47 հազար դիտում (ավելի քան 25,7 հազար հունվարին), «Համաշխարհային նորություններ»՝ 31,5 հազար դիտում (15,9 հազար հունվարին) և «Սպորտ»՝ ավելի քան 25 հազար (12,5 հազար դիտում հունվարին)։


«Երեք ամիսների արդյունքներով՝ առավել ճանաչված բաժինների հնգյակը գրեթե չի փոխվել՝ բացառությամբ «Սպորտ» բաժնի, որը հունվարին հինգերորդ տեղը զիջել է «Տեխնոլոգիա և կապ» բաժնին, իսկ փետրվարին կրկին վերադարձել է իր դիրքերին»,- ասաց Մարտիրոսյանը։
MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալություն աղբյուրների նկատմամբ։
www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է մինչև 1200 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։

Կայքի ինքնատիպ նորույթների թվում է հանրաճանաչության ցուցիչն ըստ կատեգորիաների՝ մարդիկ, ընկերություններ, սպորտ, շոու-բիզնես։ Երբ հաղորդագրությունը հայտնվում է MediaGid.am-ում, հատուկ մոդուլը նյութերում անունների և ընկերությունների անվանումների որոնում է իրականացնում։ Ընդ որում՝ հաշվարկն անցկացվում է բոլոր նյութերով՝ անկախ հաղորդագրության  լեզվից։ Կայքի այցելուների համար հասանելի է նաև որոնողական համակարգը, լուրերի պահոցը, եղանակի տեսությունը Հայաստանի 22 քաղաքում, ինչպես նաև բանկերում արժույթի փոխարժեքները։


MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը և ընդլայնել իրենց լսարանը։ Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ հրատարակությունները։


«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, համատեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:-0-