ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՆՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ LYCOS-ARMENIA-Ի ՀԻՄՔԻ ՎՐԱ

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պետությունը դիտարկում է փակվող Lycos-Armenia ընկերության հիմքի վրա նոր կառույց ստեղծելու հնարավորությունը, հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։
«Պետությունը նախատեսում է էլեկտրոնային կառավարման հետ կապված գործընթացում ներկայացնել սեփական ռեսուրսները՝ լուրջ ներդրողների ներգրավմամբ միջազգային մակարդակի նոր ընկերություն ստեղծելու համար»,- ասաց նա լրագրողներին չորեքշաբթի։
Ավելի վաղ էկոնոմիկայի նախարարությունից «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել էին, որ ընկերության ղեկավարությունը մտադիր է հանդիպումներ անցկացնել էկոնոմիկայի նախարարի հետ, ինչից հետո պայմանավորվածություն ձեռք կբերվի հետագա հնարավոր քայլերի վերաբերյալ։
Lycos Armenia ընկերության փակման մասին որոշումն ընդունվել է կայքի և Lycos Europe-ի կողմից հոստինգային ծառայությունների տրամադրման բիզնեսի փակման պատճառով։ Lycos Europe-ն էլ իր հերթին գնորդ է որոնում իր երեք ուրիշ բիզնեսների համար, ինչն արդյունքում կհանգեցնի Lycos Europe-ի լուծարմանը։
Միաժամանակ, Հայաստանում Epygi Labs ընկերության սեփականատեր և նախագահ Սեմ Սիմոնյանը աշխատակիցների 80 տոկոսին կրճատելու մասին որոշում է կայացրել։ -0-