Հայաստանում տեղի է ունեցել նոր ինտերնետային որոնողական համակարգի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հանգույց» ստեղծագործական խումբը երեքշաբթի ներկայացրել է ինտերնետային որոնողական hsearch.am համակարգը՝ «Հանգույց որոնում»։ Շնորհանդեսին ներկա է եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Սփյուռքի նախարարը շնորհավորել է նախագծի հեղինակներին, ինչպես նաև նշել այն կարևոր դերը, որ ինտերնետն ունի մարդու կյանքում։ Նա ընդգծել է, որ նոր որոնողական համակարգը պետք է առաջին հերթին ծառայի ամբողջ աշխրահով ցրված հայության համախմբման գործին։
Նրա խոսքերով՝ «բարձր տեխնոլոգիաները պետք է ծառայեն մեկ նպատակի՝ հայկական անկախ պետականության ուժեղացմանն ու ամրապնդմանը»։
Իր հերթին «Հանգույց» ստեղծագործական խմբի ղեկավար Մհեր Աբրահամյանը նշեց, որ ինտերնետն այժմ առաջին դերն ունի մայրենի լեզվի պահպանման պայքարում։ Նա հայտնեց, որ hsearch.am-ը թույլ կտա հայ օգտագործողին հեշտութոյամբ գտնել ողջ աշխարհում հայկական կայքերում տեղ գտած տեղեկատվությունը։
hsearch.am ծրագրի ղեկավար Արտյոմ Չախոյանն ավելացրեց, որ նոր որոնողական համակարգը ոչ միայն փնտրում է հայկական կայքեր ողջ աշխարհով, այլ ի տարբերություն այլ որոնողական համակարգերի, տեղեկատվություն է գտնում անկախ ֆոնտերից և կոդավորումից, լուծված են ինտերնետ-որոնման ժամանակ առկա խնդիրները, մասնավորապես, հոլովումների խնդիրը։ Hsearch.am-ը նաև որոնման ժամանակ հայերեն է թարգմանում լատիներեն տառերով գրված հայերեն բառերը։
Շնորհանդեսի ընթացքում հուշագիր է ստորագրվել նաև սփյուռքի նախարարւոթյան և «Հանգույց» ստեղծագործական խմբի միջև։ -0-