USD
361.93
EUR
405.58
RUB
4.2677
GEL
139.12
2026 թ. հոկտեմբերի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Փաշինյան․ AI-ն դառնում է Հայաստանի առօրյայի մաս. կստեղծվի մասնագիտացված գրասենյակ

21.08.2026, 10:11
Նա նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ինստիտուտներ ԱԲ-ի հետ փոխգործակցության համար
Փաշինյան․ AI-ն դառնում է Հայաստանի առօրյայի մաս. կստեղծվի մասնագիտացված գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Արհեստական բանականությունը ամենօրյա ռեժիմով մտնում է Հայաստանի իրականություն, և այս ոլորտը մեծ տեմպերով զարգանալու է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է վերստուգենք մեր պատկերացումները էլեկտրաէներգիայի սպառման և արտադրության առումով, թե դրանք որքանով են համապատասխանում այն նոր միջավայրին, որ ձևավորվում է։ Որովհետև սուպերհամակարգչային կենտրոններն այնքան էլեկտրաէներգիա են ծախսում, որ մենք դեռ չենք պատկերացնում դրա ծավալը։ Կարող է տեղի ունենալ էլեկտրաէներգիայի սպառման պրոգրեսիվ աճ», - նշել է Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստում։

Նա նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ինստիտուտներ ԱԲ-ի հետ փոխգործակցության համար։

«Մեր տեսլականն այն է, որ նախարարությանը (Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության - խմբ.) կից կձևավորվի արհեստական բանականության հարցերով մասնագիտացված գրասենյակ։ Լավ նորությունն այն է, որ ԱԲ ենթակառուցվածքն արդեն դադարել է լինել միայն լրատվական նյութերի թեմա», - ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրվել են շատ լուրջ և էական զարգացումներ։

«Երկրում արդեն գործում է 3 սուպերհամակարգչային կենտրոն, որոնցից 2-ը՝ «ԱԲ գործարաններ»։ Այն մտադրություններն ու ծրագրերը, որոնք ներդրողները հաստատել են կառավարության և նախարարության հետ, ստիպում են մեզ մտածել այն մասին, որ մենք այս ոլորտում պետք է փոխենք մեր աշխատանքների տեմպն ու ծավալը», - ասել է Փաշինյանը։