Apple–ը շրջանցում է Թրամփի մաքսատուրքերը․ օդանավերով Հնդկաստանից ԱՄՆ է տեղափոխվել 600 տոննա iPhone

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Apple տեխնոլոգիական հսկան վարձակալել է բեռնատար ինքնաթիռներ՝ 600 տոննա iPhone-ները (մինչև 1,5 միլիոն սարք) Հնդկաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխելու համար այն բանից հետո, երբ այնտեղ ավելացրել է արտադրությունը՝ փորձելով շրջանցել նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը, Reuters-ին հայտնել են աղբյուրները:
Այս նախաձեռնության մանրամասները հնարավորություն են տալիս պատկերացում կազմել սմարթֆոնների արտադրողի գաղտնի ռազմավարության մասին՝ շրջանցելու Թրամփի մաքսատուրքերը և հանրահայտ iPhone-ների պաշարները կուտակելու ԱՄՆ-ում՝ նրա ամենամեծ շուկաներից մեկում:
Վերլուծաբանները զգուշացնում են, որ ԱՄՆ–ում iPhone–ի գները կարող են կտրուկ աճել՝ հաշվի առնելով այն, որ Apple-ը կախված է Չինաստանից իրականացվող ներկրումից, որը սարքերի հիմնական արտադրական կենտրոնն է և որի վրա տարածվում է Թրամփի կիրառած առավելագույն մաքսատուրքը՝125%։
Այս մաքսատուրքը զգալիորեն ավելի բարձր է, քան Հնդկաստանից ներմուծման համար սահմանված 26% մաքսատուրքը, որն այժմ կասեցվել է այն բանից հետո, երբ Թրամփը այս շաբաթ հայտարարեց 90-օրյա դադարի մասին, որը չի վերաբերում Չինաստանին:
Մոտ վեց բեռնատար ինքնաթիռներ, որոնցից յուրաքանչյուրը տեղափոխում է 100 տոննա, օդ է բարձրացել մարտ ամսից, դրանցից մեկն՝ այս շաբաթ՝ նոր մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու ժամանակ, ասել է աղբյուրը և Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչը։
Reuters-ը չափել է, որ լիցքավորման մալուխի հետ փաթեթավորված iPhone 14-ի քաշը, 350 գրամ է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ամբողջ 600 տոննա բեռը ներառում է մոտ 1,5 միլիոն iPhone՝ հաշվի առնելով փաթեթավորման քաշը:
Apple–ն ամբողջ աշխարհում վաճառում է տարեկան ավելի քան 220 միլիոն iPhone: Counterpoint Research–ի գնահատմամբ, այժմ ԱՄՆ ներկրվող բոլոր iPhone–երի մոտավորապես մեկ հինգերորդը ներկրվում է Հնդկաստանից, իսկ մնացած մասը՝ Չինաստանից։