USD
396.54
EUR
409.11
RUB
4.1315
GEL
141.62
2025 թ. փետրվարի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-9

Ucom-ն ահազանգում է․ ՀԾԿՀ-ն անհավասար մրցակցային պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

07.01.2019, 20:42
Ucom ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի` ՀԾԿՀ-ն անհավասար մրցակցային պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին։
Ucom-ն ահազանգում է․ ՀԾԿՀ-ն անհավասար մրցակցային պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի` ՀԾԿՀ-ն անհավասար մրցակցային պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին։    

«Ցանկանում ենք հանրայնացնել «Յուքոմ» հայկական ընկերությանը հուզող մի խնդիր, որի մասին ինքներս ցավով ենք տեղեկացել», – նշել են ընկերությունից։ 

Խոսքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մեր գնահատմամբ՝ կողմնակալ վերաբերմունքի դրսևորման մասին է, որի արդյունքում որոշումները հարմարեցվում են շարժական կապի շուկայի 60%-ից ավելիին տիրապետող կապի օպերատորին, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։ 

ՀԾԿՀ-ն սույն թվականի դեկտեմբերի 12-ին 811-821ՄՀց և 852-862ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման համար տրամադրվող թույլտվության մրցույթ է հայտարարել և, ըստ Ucom–ի, պարտավոր էր նույն պայմանները (մասնավորապես՝ մեկնարկային գին) սահմանել, որոնք սահմանել էր 2013թ.-ին նույնպիսի կապի որակ ընձեռող ռադիոհաճախականության (LTE +) օգտագործման թույլտվության մրցույթի ժամանակ, որին «Յուքոմ» ընկերությունը մասնակցել է և ձեռք է բերել այդ թույլտվությունը՝ դրա դիմաց վճարելով 6,225 մլրդ ՀՀ դրամ: Ընդ որում, այդ թույլտվությունը «Յուքոմ»-ին տրվել է բացառապես տվյալների փոխանցման ծառայություններ մատուցելու սահմանափակմամբ (առանց ձայնային ծառայությունների)։ 

Չունենալով նշյալ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունը՝ «ՄՏՍ Հայաստան»-ն այս տարվա ընթացքում, Ucom-i ունեցած տեղեկություններով՝ համապատասխան ռադիոհաճախականություններով (LTE+) աշխատող ցանց է կառուցել (ձեռք է բերել համապատասխան սարքավորումներ և տեղադրել), ըստ երևույթին, վստահ լինելով մրցույթի՝ իրենց համար հաղթական արդյունքի վրա։ 

««Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել 6,225 մլրդ ՀՀ դրամ, իսկ մյուսի համար այն քառապատիկ անգամ իջեցնել՝ հասցնելով մինչև 1,5 մլրդ ՀՀ դրամ։ Այսօր, պետական բյուջեի միջոցների սղության պայմաններում, երբ յուրաքանչյուր լուման կարևոր է երկրի տնտեսության առողջացման համար, ՀԾԿՀ-ն մի քանի միլիարդ դրամով ցածր գին է սահմանել միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար։ «Յուքոմ» ընկերությունը գտնում է, որ այդպիսով «ՄՏՍ Հայաստանը» փորձում է շարժական կապի բարձր արագությունների (LTE+) շուկա մտնել անհավասար մրցակցային պայմաններով։ Պատմությանն առավել մանրամասն կանդրադառնանք տոներից հետո», – նշվում է Ucom ընկերության տարածած հաղորդագրության մեջ։  

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–