ԱԲ-ն սպառնում է մոլորակին. Հայհիդրոմետի տնօրենը պատմել է, թե ինչպես են նեյրոցանցերը «սպառում» ջուրը և ավելացնում արտանետումները
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հրապարակվել է White Paper on: AI and Environment («Արհեստական բանականությունը և շրջակա միջավայրը») միջազգային զեկույցը, որը պատրաստվել է «Բնություն և մարդիկ» ռուսական հիմնադրամի փորձագետների կողմից՝ Ֆուդանի համալսարանի (Չինաստան) և Պահլե Հնդկաստանի հիմնադրամի (Հնդկաստան) գործընկերների հետ համատեղ:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նա նշել է, որ զեկույցը ներկայացվել է Ժնևի ՄԱԿ-ի հարթակում:
Ազիզյանի տեղեկացմամբ, զեկույցում նշվում է, որ 2025 թվականին արհեստական բանականության համակարգերի օգտագործման հետ կապված CO₂ արտանետումները կազմել են տարեկան 32.6-ից 79.7 միլիոն տոննա, ինչը համեմատելի է Նյու Յորքի տարեկան արտանետումների հետ:
«2025 թվականին արհեստական բանականության սերվերների սառեցման վրա ծախսվել է տարեկան 312-ից 765 միլիարդ լիտր քաղցրահամ ջուր: Սա համեմատելի է ամբողջ մարդկության կողմից տարեկան սպառվող շշալցված ջրի ծավալի հետ: Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2027 թվականը այս ցուցանիշը կարող է հասնել Մեծ Բրիտանիայի տարեկան ջրասպառման գրեթե կեսին»,-նշել է նա։
Ազիզյանը նշել է, որ Արհեստական բանականության տվյալների կենտրոնները հաճախ կառուցվում են այն տարածաշրջաններում, որոնք արդեն իսկ ունեն քաղցրահամ ջրի լուրջ պակաս: