USD
367.25
EUR
419.29
RUB
4.6995
GEL
139.52
2026 թ. հուլիսի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը. hեղինակավոր կինոփառատոնի գլխավոր գործընկերը դարձյալ Viva-ն է

Այսօր, 19:49
Այս տարվա փառատոնի ուղերձն արդեն իսկ ինքնատիպ է ու կարևոր. կինոյից ակնկալել ոչ թե բացատրություն, այլ՝ բացահայտում: Դրա հիմքում աշխարհը մեկ այլ՝ զգացմունքային տեսանկյունից ճանաչելու, զգալու և վերաիմաստավորելու ցանկությունն է
Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը. hեղինակավոր կինոփառատոնի գլխավոր գործընկերը դարձյալ Viva-ն է

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Երևանում 23-րդ անգամ մեկնարկել է սիրված ու նաև երկրի սահմաններից դուրս լայն ճանաչում գտած կինոփառատոնը՝ «Ոսկե ծիրանը»: Արտերկրից Երևան ժամանած հյուրերին, կինոդահլիճում բացվող կինոպատուհանից փառատոնը կներկայանա նոր, հետաքրքիր և բազմաբովանդակ շերտերով, հաղորդում է Viva ընկերության մամուլի ծառայությունը։ 

Այս տարվա փառատոնի ուղերձն արդեն իսկ ինքնատիպ է ու կարևոր. կինոյից ակնկալել ոչ թե բացատրություն, այլ՝ բացահայտում: Դրա հիմքում աշխարհը մեկ այլ՝ զգացմունքային տեսանկյունից ճանաչելու, զգալու և վերաիմաստավորելու ցանկությունն է:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնիգլխավոր պաստառն այս տարի նվիրված է պոեզիային: Երևանյան ամառը խոստանում է վերածվել աշխարհընկալման ազնիվ ու խորքային բացահայտման՝ կինոյի և պոեզիայի համադրության միջոցով: Գլխավոր պաստառի հեղինակն աշխարհահռչակ նկարիչ և դիզայներ Իգոր Գուրովիչն է, որի աշխատանքները բազմիցս հայտնվել են միջազգային ուշադրության կենտրոնում և արժանացել բարձր գնահատականի։ Գուրովիչի աշխատանքը հուշում է՝ կինոն և պոեզիան պետք է դիտարկել որպես ստեղծագործական ազատության և մարդկային զգայունության տարածք։ Մեկ շաբաթ շարունակ կցուցադրվեն մրցույթային ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրների, այդ թվում ամենահեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի և այլ կինոփառատոններից: 

23-րդ «Ոսկե ծիրանի» պաշտոնական բացմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, գործընկեր կազմակերպությունների ղեկավարներ, մշակույթի գործիչներ, փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, արտերկրից ժամանած պատվավոր հյուրեր և այլք: 

Արդեն 15-րդ անգամ Հայաստանի մշակութային անցուդարձին յուրահատուկ շունչ հաղորդող, հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր գործընկերը Viva-ն է: Փառատոնը մեկնարկել է Թամարա Ստեփանյանի՝ «Արտոյի երկիրը» ֆիլմով։ 

«Արվեստի կարևորության մասին կարելի է խոսել միայն արվեստի լեզվով: Մարդկությանը դա անհրաժեշտ է ոչ թե ուղղակի արտահայտվելու, այլ զարգացման համար: Այդ մասին մեզ հուշում են բոլոր ժամանակների մեծերը: Դանթեին և Բրոդսկուն բաժանում է վեց դար, սակայն երկուսն էլ նույն ճշմարտության տարբեր կողմերն են ներկայացրել: Դանթեն հուշում է, որ աշխարհը շարժվում է սիրո ուժով, իսկ Բրոդսկին՝ որ մարդն իր բարձրագույն կոչմանն է ձգտում պոեզիայի միջոցով: Արվեստը սիրո լեզու է: Ուրախ եմ արձանագրել, որ Viva-ն արդեն 15 տարի, այս կինոփառատոնի միջոցով ձգտում է կարևոր պատգամ հասցնել մարդկանց», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը: 

«Պոեզիան պարզապես հանգ ու ռիթմ չէ։ Այն մարդկային փորձառության, զգացմունքների և մտքի արտահայտման լեզու է, որը հնարավորություն է տալիս տեսնել աշխարհը նոր տեսանկյունից։ Այս տարվա պաստառով կինոփառատոնը հանդիսատեսին հրավիրում է ոչ միայն դիտելու արվեստը, այլև ապրել դրա ներսում, լինել զգայուն, հետաքրքրասեր և բաց՝ աշխարհի հանդեպ, դառնալ կինոյի պոետիկ տարածության մի մասը», - ասել է փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը: 

Փառատոնի ընթացքում Հայաստանում կլինեն կինոաշխարհում համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներ, ռեժիսորներ, դերասաններ և ոլորտի մասնագետներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն հայ հանդիսատեսին՝ ստեղծելով երկխոսության, նոր գաղափարների և մշակութային փոխանակման բացառիկ հարթակ: 

23-րդ «Ոսկե ծիրանի» միջազգային ժյուրիի նախագահն է Ջեսիկա Հաուզները: Ավստրիական ժամանակակից կինոյի առաջատար դեմքերից համարվող Հաուզների ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում և Վենետիկում: Դրանք մեծ ճանաչում են գտել ժանրային կինոյում նորարարական մոտեցման համար: Տարածաշրջանային մրցույթի ժյուրին գլխավորում է Մահմուդ Քալարին, ով իրանական կինոյի խորհրդանիշ ռեժիսորներ Աբաս Քիառոստամիի, Ջաֆար Փանահիի և Մոհսեն Մախմալբաֆի ֆիլմերը նկարահանած հայտնի օպերատորն է։ 

Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարարվի Գոդֆրի Ռեջոյի «Ժուկով-Ժամանակին» ֆիլմով։ Իսկ մինչև այդ, առջևում սպասվում են հետաքրքիր դիտումներ, մշակութային եռուզեռ, միջազգային ժյուրիի հագեցած աշխատանք և հանդիսատեսի բուռն քննարկումներ:

Փառատոնի գլխավոր հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան։ Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։