Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․/ԱՌԿԱ/․ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է Ovio ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի կնքման մասին։
Գործարքը ռազմավարական քայլ է Viva-ի զարգացման ուղղությամբ։ Ընկերությունը նպատակ ունի ձևավորելու լիարժեք կոնվերգենտ հարթակ, որը մեկ միասնական էկոհամակարգում կմիավորի շարժական կապը, ֆիքսված ինտերնետը, հեռուստատեսությունը, հեռահաղորդակցային տրանսպորտային ենթակառուցվածքը և թվային ծառայությունները, հաղորդում է «Վիվա Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը։
Viva-ի առանցքային ռազմավարական առավելությունը թվային կոնվերգենտությունն է՝ մոդել, որի շրջանակում շարժական և ֆիքսված կապի ծառայությունները, բովանդակային, ամպային և այլ թվային ծառայությունները միավորվում են՝ ձևավորելով հաճախորդների համար համալիր լուծումներ։
Viva-ի կառուցվածքում լիարժեք ֆիքսված կապի ծառայությունների սեգմենտի առկայությունն ընկերությանը հնարավորություն կտա ոչ միայն ամրապնդելու իր ենթակառուցվածքային ներուժը, այլև բարձրացնելու պրոդուկտային առաջնորդության մակարդակը՝ ապահովելով ծառայությունների և լուծումների պորտֆելի առավելագույն դիվերսիֆիկացում։
Ovio-ի ինտեգրումը կընդլայնի Viva-ի հնարավորությունները ֆիքսված կապի ծառայությունների սեգմենտում, կհզորացնի ընկերության օպտիկամանրաթելային, մալուխային և ռադիոռելեական ենթակառուցվածքը, ինչպես նաև հիմք կստեղծի ազգային մասշտաբի առավել հզոր, կայուն և արդյունավետ՝ հեռահաղորդակցային տրանսպորտային ցանցի ձևավորման համար։ Ակտիվների միավորումը հնարավորություն կտա ավելի արագ գործարկելու կոնվերգենտ ծառայություններ, ձևավորելու ավելի շահավետ փաթեթային առաջարկներ և զարգացնելու թվային բիզնեսի նոր ուղղություններ՝ ֆիզիկական անձանց, կորպորատիվ և պետական հաճախորդների համար։
Կարևոր է նաև ժամանակակից սերտիֆիկացված տվյալների կենտրոնը (Data Center), որը կուժեղացնի Viva-ի ենթակառուցվածքային հնարավորություններն ամպային ծառայությունների, տվյալների պահպանման և մշակման ոլորտներում։ Սեփական տվյալների կենտրոնի առկայությունն ընկերությանը հնարավորություն կտա ստեղծել լրացուցիչ հիմք նոր սերնդի ծառայությունների զարգացման համար, ներառյալ՝ արհեստական բանականության և այլ առաջադեմ թվային տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումները։
«Ovio-ի ձեռքբերումը Viva-ի համար ունի երկարաժամկետ ռազմավարական նշանակություն և լիովին համապատասխանում է ընկերության թվային փոխակերպման, բիզնեսի դիվերսիֆիկացման և տեխնոլոգիական առաջատարության ամրապնդման ուղղությանը։ Մեր ռազմավարական առավելությունը թվային կոնվերգենտն է։ Մենք հետևողականորեն ձևավորում ենք էկոհամակարգ, որտեղ բջջային կապը, ֆիքսված ինտերնետը, հեռուստատեսությունը, ամպային, բովանդակային և այլ թվային ծառայությունները գործում են որպես մեկ ամբողջություն։ Սեփական ֆիքսված ցանցային ենթակառուցվածքի ձևավորումն ու զարգացումը Viva-ին հնարավորություն կտան զգալիորեն ամրապնդել ոչ միայն ենթակառուցվածքային հնարավորությունները, այլև արտադրանքային առաջատարությունը՝ ապահովելով պրոդուկտային պորտֆելի առավելագույն դիվերսիֆիկացում և հաճախորդների փորձառության նոր մակարդակ», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Viva-ի և Ovio-ի ցանցային ենթակառուցվածքների միավորումը կապահովի թողունակության աճ, տվյալների փոխանցման արագության բարձրացում, ինչպես նաև կապի որակի և հուսալիության բարելավում։ Ցանցի միասնական կառավարումը հնարավորություն կտա ավելի արագ միացնելու ծառայությունները մասնավոր և բիզնես հաճախորդների համար, ավելի արդյունավետ զարգացնելու բազային կայանների ենթակառուցվածքը և արագացնելու կապի հաջորդ սերունդների տեխնոլոգիաների ներդրումը։
Գործարքը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի հեռահաղորդակցային կայունության համար։ Ինտերնետ-թրաֆիկի միջազգային մատակարարման ուղիների ընդլայնումն ու դիվերսիֆիկացումը կամրապնդեն Հայաստանի կապակցումը համաշխարհային թվային ենթակառուցվածքի հետ և կբարձրացնեն կապի հուսալիությունը, այդ թվում՝ բարձր ծանրաբեռնվածության և արտակարգ իրավիճակների պայմաններում։
Ovio-ի բաժանորդները կշարունակեն օգտվել գործող ծառայություններից նույն պայմաններով։ Viva-ն կապահովի ծառայությունների անխափան մատուցումը, կապի որակի պահպանումը և հաճախորդների փորձառության շարունակական զարգացումը՝ արդեն միավորված ենթակառուցվածքի շրջանակում։