Բիզնես վերլուծաբանը կոչ է արել ՀՀ իշխանություններին պարզաբանել IMEI-ների պետական գրանցման համակարգի ներդրման իրավական հիմքերը
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/․ «Ամերիա» կառավարման խորհրդատվության ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը կոչ է արել ՀՀ իշխանություններին ներկայացնել իրավական հիմքեր IMEI-ների պետական գրանցման համակարգի ներդրման համար։
Նրա խոսքով, ռթե IMEI-ների պետական գրանցման համակարգի ներդրումը իսկապես բխում է ԵԱՏՄ իրավունքի կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պարտադիր ակտից, ապա պետք է նշել այդ ակտի համարը և այն դրույթը, որով անդամ պետությունների համար սահմանվում է նման պարտավորություն։
«Եթե նման պարտադիր ակտ գոյություն չունի, ապա ինչո՞վ է պայմանավորված հենց այս կարգավորման մոդելի ընտրությունը», – հարցադրում է անում Ջրբաշյանը։
Նա նաև չի բացառել, որ դրա պատճառներից մեկը Հայաստանից բջջային հեռախոսների վերաարտահանման ներկայիս կառուցվածքն է և այն հանգամանքը, որ այդ սարքերի զգալի մասը հետագայում հայտնվում է այնպիսի շուկաներում, որտեղ գործում են IMEI-ների պետական գրանցման կամ վերահսկման մեխանիզմներ, մասնավորապես՝ Ռուսաստանում։
Ջրբաշյանը հարցադրում է անում․ եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ չեն ներկայացվել և քննարկվել կարգավորման այլընտրանքային մոդելները, այդ թվում՝ այն մոտեցումները, որոնք կիրառվում են Եվրոպական միության երկրների մեծամասնությունում։
«Եթե նման իրավական պահանջ ԵԱՏՄ իրավունքի կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պարտադիր ակտերի շրջանակում գոյություն չունի, ապա հնարավո՞ր է, որ առաջարկվող համակարգի իրական նպատակը ոչ այնքան Հայաստանի ներքին շուկայի արդյունավետ կարգավորումն է, որքան Հայաստանից իրականացվող վերաարտահանման շարունակականության ապահովումը»,– հայտարարել է նա։
Նրա խոսքով, եթե այդ վարկածը նույնիսկ մասնակիորեն համապատասխանում է իրականությանը, ապա հանրությունն իրավունք ունի ստանալու հստակ պատասխան․ ինչո՞ւ Հայաստանի ներքին շուկայի կարգավորումը պետք է ձևավորվի արտաքին առևտրի հնարավոր պահանջներից ելնելով, այլ ոչ՝ առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների, սպառողների և ներքին շուկայի շահերից։
Ջրբաշյանը նաև նշել է, որ եթե օրինագծի հիմնական նպատակներից մեկը գողացված կամ կեղծ IMEI ունեցող սարքերի օգտագործումը կանխելն է, ապա ինչո՞ւ չի քննարկվել ավելի քիչ սահմանափակող տարբերակը՝ պարտավորեցնել բջջային օպերատորներին ստուգել ցանցին միացող սարքերի IMEI-ները միջազգային տվյալների բազաներով և սահմանափակել միայն այն սարքերի սպասարկումը, որոնք ճանաչված են որպես գողացված կամ ունեն անվավեր նույնականացուցիչներ։
Օրինագծի մասին
Հայաստանի կառավարության կողմից հունիսի 26-ին ընդունված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը նախատեսում է բջջային օպերատորների կողմից IMEI կոդերի պարտադիր ստուգում կապի ծառայություններ մատուցելիս։
Համաձայն նախագծի՝ քաղաքացին, ով Հայաստան է ներմուծում 2025-2026 թթ. արտադրության բջջային հեռախոս, պետք է գրանցի սարքը՝ վճարելով պետական տուրք 3 հազար դրամի չափով։ Ավելի հին հեռախոսների գրանցումը կիրականացվի անվճար։
Ընդ որում, մեկ տարվա ընթացքում լրացուցիչ հեռախոսներ ներմուծելու համար նախատեսվում է բարձրացված տուրք՝ 100 հազար դրամ 2026 թվականի արտադրության սարքի համար և 20 հազար դրամ՝ 2025 թվականին արտադրված հեռախոսի համար։