Հայաստանն առաջարկել է Ericsson–ին դիտարկել R&D–ի գծով համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/ԱՌԿԱ/․ Բարսելոնայում ընթացող Համաշխարհային բջջային կոնգրես 2025 (MWC 2025) միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն այցելել է տեխնոլոգիական առաջատար «Ericsson» ընկերության տաղավար։
Փոխնախարարը հանդիպել է ընկերության փոխնախագահ, հետազոտական ղեկավար Մագնուս Ֆրոդիգին: Ընկերության կողմից ներկայացվել են բջջային կապի ցանցերի, ռադիոյի, ծրագրային ապահովման համակարգերում վերջին նորարարական զարգացումները:
Ռուբեն Սիմոնյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանում իրականացվող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) ուղղությամբ տարվող աշխատանքներն ու այդ համատեքստում փոխգործակցության հնարավորությունները, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։
Սիմոնյանը հանդիպում է ունեցել նաև Շվեդիայի Միջազգային զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարարության պետքարտուղար Հաքան Յևրելի հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Այդ համատեքստում Հաքան Յևրելն, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել ՀՀ֊ում տեխնոլոգիական համակարգի զարգացմանը և եվրոպական շուկային արդյունավետ ինտեգրմանը նպաստող համատեղ ծրագրերի իրականացման հարցում: