ՀՀ իշխանությունները OpenAI-ի հետ քննարկել են առողջապահության ոլորտում ԱԲ-ի կիրառման հեռանկարներն ու ռիսկերը
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը և արհեստական բանականության հարցերով տեղակալ Տաթև Ասլանյանը նախօրեին OpenAI ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել են առողջապահության և կրթության ոլորտներում ԱԲ-ի կիրառման ռիսկերն ու հնարավորությունները։
Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստականա բանականության նախարարության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առողջապահական կազմակերպությունների, բժիշկների և քաղաքացիների համար ԱԲ-ով աշխատող գործիքների կիրառման հնարավորություններին, ինչպես նաև ԱԲ լուծումները Հայաստանի գործող թվային առողջապահական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ «ԱրՄեդ» համակարգին, ինտեգրելու ռիսկերին և հեռանկարներին։
Այս համատեքստում կարևորվել են տվյալների անվտանգությունը, անձնական տվյալների պաշտպանությունը և իրավական պահանջների պահպանումը։
Քննարկվել են նաև առողջապահության ոլորտում անվտանգ և վերահսկելի թվային միջավայրի ձևավորմանն ուղղված հնարավոր համագործակցության ուղղությունները։
OpenAI-ի ներկայացուցիչները ներկայացրել են առողջապահության և կրթության ոլորտներում ընկերության միջազգային փորձը, ինչպես նաև համապատասխան ԱԲ գործիքների կիրառման արդյունքները։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանում կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառման ապահով ընդլայնմանը, այդ թվում՝ կրթական ծրագրերի զարգացման և ԱԲ-ի կիրառման լավագույն միջազգային փորձի ներդրման հնարավորություններին։