USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Շրջանառության մեջ է դրվել նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային

18.02.2019, 14:45
Այսօր Հովհաննես Թումանյանի թանգարանում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային։
Շրջանառության մեջ է դրվել նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./ԱՌԿԱ/. 2019 թվականի փետրվարի 18-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային, հաղորդում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։ 

1100 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկը տպագրված է Կանադայի “Lowe Martin Group” տպագրատանը՝ 20 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը: 

Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, բանաստեղծ, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը` իր ստեղծագործությունների և ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում: 

Գեղաթերթիկի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արտակ Ապիտոնյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: 

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը մատուցում է փոստային, ֆինանսական և մանրածախ ծառայություններ: Ներկայումս ՀայՓոստը գործում է ամբողջ Հայաստանով բաշխված 900 փոստային բաժանմունքների միջոցով՝ քաղաքային համայնքներից մինչև ամենահեռավոր գյուղական բնակավայրերը: –0–